Հանրագիտարան

Մեղվի կերը

Մեղվի կերը պարունակում է սպիտակուցներ, ածխաջրատներ, ճարպեր, ջուր, աղ և այլ հանքային նյութեր: Մեղուները ծաղիկներից նեկտարը հավաքում են, լցնում իրենց մեղրապարկը և բերում փեթակ:
Չմշակված նեկտարը շաքարի 30 տոկոսանոց լուծույթ է, որը կարելի է համեմատել շաքարի և ջրի 1:2 հարաբերությամբ լուծույթի հետ:
 
Շաքարից բացի, մեղուների լիարժեք կերի համար շատ արժեքավոր են նաև հանքային ու այլ նյութերը: Մեղվի բնական կերը նեկտարը, մեղրը և ծաղկափոշին են: Նեկտարը հում արտադրանք է, իսկ մեղրը մեղուների օրգանիզմի վերամշակած արտադրանք է:
 
Թքային գեղձի արտադրած ինվերտազա ֆերմենտի ազդեցության տակ նեկտարի եղեգնաշաքարը վերածվում է խաղողաշաքարի՝ գլյուկոզա և պտղաշաքարի՝ ֆրուկտոզա:
 
Այսպես եղեգնաշաքարի տրոհումը համարվում է նեկտարի մարսման սկիզբը: Նեկտարը պարունակում է 70-80% ջուր: Նրա վերամշակման գործընթացը բաղկացած է երկու հիմնական մասից՝ նեկտարի միջից ավելորդ ջրի գոլորշիացում և նեկտարի քիմիական կազմի վերափոխում:
 
Թքի մեջ եղած ֆերմենտների ազդեցության տակ նեկտարը մեղրապարկում վերափոխվում է մեղրի, որը պարունակում է 70-80% շաքար, մինչև 20-30% չոր նյութեր ու ջուր:
 
Մեղվի կերի մեջ սպիտակուցային նյութերի աղբյուրը ծաղկափոշին է, որը մեղուն ծաղիկներից հավաքում է և ոտքերի վրա բերում փեթակ, կուտակում բջիջներում որպես պաշար: Մեղվի սննդի մեջ մեծ նշանակություն ունեն ծաղկափոշու մեջ պարունակվող ֆերմենտներն ու վիտամինները:
 
Ծաղկափոշու բաղադրության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրա մեջ կա 10 ֆերմենտ: Դրանց բացակայութունը վատ է անդրադառնում մեղվի ընտանիքի բազմացման ընթացքի վրա, նրանք քչացնում են ձվի ու թրթուրների քանակն ընտանիքում: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: