Հանրագիտարան

Մեղվաընտանիքների գարնանային խնամքը

Մեղվաընտանիքը կլինի բարձր արտադրողական, եթե այդ ընտանիքի համար ստեղծված են բարենպաստ պայմաններ, և տարվա տարբեր եղանակներին առանձնահատուկ խնամք է տարվում:
Մեղվի ընտանիքների զարգացման և նրանից բարձր բերք ստանալու նախապայմաններից մեկը մեղվի ընտանիքների գարնանային խնամքն է, որի համար անհրաժեշտ է ունենալ՝
1. մեղվի ընտանիք, որն ունի 6-9 մեղրահաց,
2. կերի առատ պաշար,
3. համապատասխան ջերմություն փեթակի ներսում:
 
Այս պայմաններից մեկն ու մեկի բացակայության դեպքում կդանդաղի և նույնիսկ կդադարի մեղվի ընտանիքի զարգացումը: Մեղվի ընտանիքը ձմեռանոցից պետք է հանել այն ժամանակ, երբ մեղվանոցի շրջապատում ձյունը հալվել է, և ստվերի տակ ջերմությունը հասնում է 10-15 աստիճանի: Մեղվանոցի տեղը պետք է լինի հարթ, չոր, ուժեղ և ցուրտ քամիներից պատսպարված, մոտ լինի նեկտարատու բույսերին:
 
Մեղվաընտանիքը ձմեռանոցից անհրաժեշտ է դուրս հանել մինչև առավոտյան ժամը 11-ը, որպեսզի օրվա ամենատաք ժամերին մեղուները կարողանան կատարել մաքրման թռիչքը: Մեղուներն այնքան մաքրասեր միջատներ են, որ ամբողջ ձմռան ընթացքում ուտում են, բայց իրենց փեթակի ներսում չեն արտաթորում:
 
Վաղ գարնանն անհարժեշտ է մեղվի բույնն ստուգել և ավելորդ մեղրահացերը, որոնց վրա մեղուները խիտ չեն նստած, բնից հանել: Մեղրահացերը պետք է բնում դասավորել մեկը մյուսից 8.5 մմ հեռավորության վրա: Դրա շնորհիվ մեղուները բնում ավելի հեշտությամբ են ջերմություն պահպանում և նրանց բազմացման տեմպն ավելանում է 25-45 %-ով:
 
Մեղվանոցը ձմեռանոցից դուրս դնելուց 2-3 օր հետո անհրաժեշտ է փեթակների հատակը մաքրել: Դրա համար նախապատրաստել հարմար արկղ, վրան դնել փեթակի հատակը և քերիչով մաքրել ձմեռվա ընթացքում նրա վրա թափված սատկած մեղուների դիակները, մոմի կտորները, որից հետո հատակը մաքրել խոզանակով:
 
Եթե հատակին կան արտաթորանքի հետքեր, դրանք սրբել ֆորմալինի 4%-անոց թույլ լուծույթում թրջած շորով: Փեթակների մաքրությունը կանխում է հիվանդությունների և ցեցերի զարգացումն ու տարածումը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: