Հանրագիտարան

Մեղվաընտանիքի անդամների փոխադարձ կապը

Մեղվաընտանիքի յուրաքանչյուր անդամի գործունեությունը պայմանավորված է ողջ ընտանիքի պահանջմունքներով: Մեղրատու մեղուների նախնիները ոչ միայն ձվադրել են, այլև սնունդ են հայթայթել և կերակրել իրենց սերնդին:
Ծնվելուց հետո երիտասարդ մեղուները հեռանում էին բնից և ապրում ինքնուրույն: Հետագայում, սակայն, շրջակա միջավայրի և կենական պայմանների փոփոխության հետևանքով երիտասարդ մեղուները շարունակել են մնալ մոր մոտ:
 
Այսպես սկզբնավորվել է մեղվաընտանիքը:  Մեղվաընտանիքի հետագա զարգացումն ընթացել է անհատների քանակի ավելացման միջոցով: Յուրաքանչյուր մեղու ինքն է գտել իրեն համապատասխան աշխատանք:
 
Մեղուների միասնական ապրելակերպը շատ արդյունավետ է սնունդ հայթայթելու, սերունդ աճեցնելու, ծանր պայմաններում ընտանիքի գոյությունը պահպանելու համար: Մեղվի ընտանիքում չկա ղեկավար, որը կկարգավորի յուրաքանչյուրի գործողությունը:
 
Մեղվի համար կեղտոտված բջիջն ազդանշան է մաքրման, թերի կառուցված բջիջը՝ կառուցման, թրթուրը՝ կերակրման: Մեղվի ընտանիքը գոյատևում է, որովհետև նրա անհատները կարճատև թռիչքներից հետո վերադառնում են փեթակ: Նրանք չեն հանդուրժում ուրիշ ընտանիքի մեղուներին:
 
Մի ընտանիքի մեղուներն իրար ճանաչում են, որովհետև յուրաքանչյուր ընտանիք ունի յուրահատուկ հոտ: Ընտանիքի մեղուների միջև փոխադարձ կապն արտահայտվում է վտանգի ժամանակ:
 
Մեղուները տագնապի ազդանշան են տալիս, որը մի մեղվից մյուսներին է փոխանցվում հոտավետ նութերի օգնությամբ: Դրանք կոչվում են ֆերոմոններ: Մեղուներն իրար հետ հաղորդակցվում են սննդի, նեկտարի հոտի, յուրահատուկ շարժումների և ձայների միջոցով: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: