Հանրագիտարան

Մեղվապահության նշանակությունը

Մեղվապահությունը հայտնի էր դեռևս նախնադարում: Այն զարգացել է մի քանի փուլերով՝ վայրի (մեղրը և մոմը մարդիկ հայթայթում էին վայրի մեղուների բներից), փչակափեթակային (մեղուներին պահում էին փչակներում), կոճղափեթակային (մեղուներին պահում էին կոճղերում), շրջանակավոր (մեղուներին բուծում են հանվող շրջանակներով հավաքվող փեթակներում):
Գիտնականները պնդում են, որ մեղրատու մեղուների հայրենիքը Հարավային Ասիան է: Վերջինիս ապացույցը այն է, որ այս տարածքում հանդիպում ենք մեղուների բազմաթիվ տեսակների: Հայաստանը մեղվապահության հնագույն կենտրոններից է:
 
Դեռևս Քսենոփոնը հիշատակել է, որ Հայաստանի լեռնային գյուղերում եղել են բազմաթիվ փեթակներ: Այդ մասին հիշատակումներ ունեն նաև հայ պատմիչներ Մովսես Խորենացին ու Հովհաննես Դրասխանակերտցին: Հայաստանում տարածված են եղել դեղին և գորշ մեղուները, առաջնությունը տրվել է դեղին մեղվին:
 
Մեղվաբուծությունը գյուղատնտեսության եկամտաբեր ճյուղերից մեկն է: Այն զբաղվում է մեղրատու մեղուների բուծմամբ մեղր, մեղրամոմ, ակնամոմ ստանալու համար: Մեղվաբուծությունը հատկապես զարգացած է ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, ՀՀ-ում, ԼՂՀ-ում:
 
Հայաստանում ամեն տարի արտադրում են մոտ չորս տոննա մեղր, որը բավարարում է ներքին սպառմանը: Հայաստանում մեղվաբուծությունը կարող է մեծ զարգացում ապրել, քանի որ բուսական աշխարհը խիստ բազմազան է:
 
Մեղուների դերը բնության մեջ և մարդու կյանքում չափազանց մեծ է: Մեղուները կատարում են ծաղիկների, գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերի փոշոտում: Գիտնականները նշում են, որ մեղուների իրականացրած փոշոտումների շնորհիվ ավելացել է խնձորենու, հնդկացորենի, արևածաղկի պտուղների բերքատվությունը:
 
Մեղրը չափազանց օգտակար է ծերացած օրգանիզմի համար, պայքարում է հիվանդությունների դեմ և բարձրացնում երեխաների օրգանիզմի դիմադրողականությունը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: