Հանրագիտարան

Տավարաբուծություն

Տավարը բուծում են կաթ, միս, կաշեհումք ստանալու, առանձին երկրներում նաև աշխատեցնելու նպատակներով: Կաթնամթերքը կազմում է մարդու օրական սննդակազմի էներգետիկ արժեքայնության մոտ 20%-ը և ապահովում է օրգանիզմի սպիտակուցի պահանջի մոտ 30%-ը:
Երկրագնդի բնակչության օգտագործած կաթնամթերքի ընդհանուր քանակի մոտ 90%-ը պատրաստվում է կովի կաթից: Տավարաբուծության առաջատար երկրներն են Հնդկաստանը, Բրազիլիան, ԱՄՆ-ն, Չինաստանը և Արգենտինան:
 
Մարդը տավարաբուծությամբ զբաղվել է դեռևս նախապատմական ժամանակներից՝ վարժեցնելով, ապա և ընտելացնելով տավարը: Տավարաբուծության առաջացման հնագույն հետքերը հայտնաբերվել են Մերձավոր Արևելքում և Գանջի-Դարում (Իրան):
 
Երկար ժամանակ տավարաբուծությունն ուներ քոչվորական բնույթ, կենդանիներին պահում էին բաց երկնքի տակ և արածեցնում: Երկրագործության զարգացման և նստակեցության անցնելու հետ աստիճանաբար սկսեցին կիրառել մսուրային պահվածքի ձևը:
 
Երբ մարդն սկսել է կաթն օգտագործել սննդի մեջ և դրանից պատրաստել սննդամթերքներ, կարևորվել է կաթնատվության բարձրացման խնդիրը: Հայաստանում տավարաբուծություն, հնագույն ժամանակներից սկսած, եղել է հայերի հիմնական զբաղմունքներից: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: