Հանրագիտարան

Սիբիրախտ

Սիբիրախտը կամ սիբիրյան խոցը մարդկանց և կենդանիների սուր վարակիչ ու բարձր ջերմությամբ ընթացող հիվանդություն է: Այն հայտնի է բոլոր ժողովուրդներին և տարածված է երկրագնդի բոլոր աշխարհամասերում:
Հարուցիչը սիբիրախտի ցուպիկն է, որն արտաքին միջավայրում սպորավորվում է, օրգանիզմում՝ պատիճավորվում: Սպորները քիմիական և ֆիզիկական ազդակների նկատմամբ խիստ դիմացկուն են, հողում կենսունակ են մնում մի քանի տասնյակ տարիներ, եռացնելուն դիմանում են 1 ժամից ավելի:
 
Սիբիրախտի վարակի առաջնային աղբյուրը հիվանդ կենդանիներն են և հիվանդությունից ընկած կենդանու դիակը: Երկրորդական աղբյուր են վարակված հողը, կերերը, ջուրը: Վարակի տարածմանը նպաստում են վարակված խնամքի առարկաները, խայթող և արյունածուծ միջատները:
 
Սիբիրախտի բռնկման դեպքերը հաճախ դիտվում են արոտային շրջանում, քանի որ արոտային շրջանում հողում բարձրանում է ջերմությունը և վարակված հողերում ցուպիկը սպորավոր ձևից փոփոխված վեգետատիվ ձևերի: Մարդը սիբիրախտով վարակվում է հիվանդ կենդանիներին խնամելիս, հարկադրական մորթի, վարակակիր հումքի (կաշի, բուրդ, մորթի) հետ շփվելիս:
 
Սիբիրախտով առավել հաճախ վարակվում են խոշոր և մանր եղջերավոր անասունները, միասմբականի կենդանիները, խոզերը, ուղտերը, վայրի խոտակեր կենդանիները, կրծողները և մարդը:  Ինկուբացիոն շրջանը տևում է 2-7 օր:
 
Հիվանդությունն ունի կայծակնային, սուր, ենթասուր և քրոնիկ ընթացք: Հիվանդության շանթահար և սուր ընթացքի դեպքում բուժումն անարդյունավետ է: Կենդանին սատկում է մի քանի ժամվա ընթացքում ջղաձգությունից, շնչահեղձության հետևանքով:
 
Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է կատարել մի շարք միջոցառումներ: Անհրաժեշտ է հայտարարել կարանտին, կարանտինը վերացնում են վերջին հիվանդի անկումից կամ առողջանալուց 15 օր հետո:
 
Թափված ոսկորները և կենդանիների անթաղ դիակների մնացորդները պետք է ժամանակին հավաքել արոտներից, անասնաշենքերի շրջակայքից և թաղել: Խորհուրդ է տրվում անասնագերեզմանոցները տեղադրել բարձրադիր, հեղեղատներից զերծ վայրերում, բնակատեղերից և անասնաշենքերից հեռու: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: