Հանրագիտարան

Դաբաղ

Դաբաղը վարակիչ հիվանդություն է և տարածվում է մեծ արագությամբ: Այս հիվանդությամբ կարող են վարակվել տավարը, խոզերը, ոչխարները, այծերը, նաև ուղտերը, եղջերուները և շատ այլ վայրի երկսմբակ կենդանիներ: Կարող է վարակվել նաև մարդը:
Հիվանդության ժամանակ բերանի խոռոչի լորձաթաղանթների վրա, միջկճղակային հատվածում, երբեմն էլ կրծքի վրա առաջանում են յուրահատուկ բշտիկներ: Դաբաղի վիրուսն օժտված է բարձր վարակելիությամբ, դիմացկուն է արտաքին միջավայրում:
 
Այն պահպանվում է ավշային հյուսվածքներում կամ ոսկրածուծում, որի հետևանքով էլ կարող է անցնել մսամթերքի մեջ: Դաբաղը պատճառում է մեծ տնտեսական վնասներ, մատղաշի անկումը կազմում է 80-100 %, չարորակ ձևի ժամանակ 40-90%:
 
Հիվանդությունը տարածվում է օդակաթիլային և շփման եղանակով: Վարակի տարածման հիմնական աղբյուրը հիվանդ և վիրուսակիր կենդանիներն են, որոնք թքի, մեզի և կղկղանքի հետ վիրուս են արտազատում՝ վարակելով շրջապատի առարկաները: Վարակվում են հիմնականում օդային և կերային ճանապարհներով:
 
Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 1-7օր: Վարակված կենդանիների մոտ արտահայտվող ընդհանուր կլինիկական նշաններն են մարմնի բարձր ջերմաստիճանը (մինչև 410 C), ախորժակի կորուստը, կաթնատվության նվազումը, կաղությունը, որոճող կենդանիների մոտ առատ թքարտադրությունը և քթային արտահոսքը, մատղաշ կենդանիների մոտ մահացությունը, բարձր հիվանդության աստիճանը, բշտեր բերանի շուրջը և ներսում, վերջույթների և կաթնագեղձի վրա:
 
Հիվանդությունը կանխելու և վերացնելու համար անհրաժեշտ է լավացնել կերակրման և խնամքի պայմանները, տալ դյուրամարս կերեր (կանաչ խոտ, շփոթ), ներարկել գերիմուն կամ ռեկոնվալեսցենտի շիճուկ: Խորհուրդ է տրվում բերանի խոցերը բուժել հետևյալ օծանելիքներից որևէ մեկով՝ անաստեզին, նովոկաին, պղնձաջրասպի փոշի, ձկան յուղ և վազելին:
 
Դաբաղի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է սահմանել կարանտին, առանձնացնել նրա սահմանները և սպառնալիքի ենթակա համայնքները: Անհրաժեշտ է կազմակերպել մի շարք միջոցառումներ՝ ուժեղացնել կենսաանվտանգությունը, կատարել բոլոր վարակված, բուժված կամ դաբաղով կասկածելի կենդանիների էֆթանազիա (սպանդ), սահմանափակել վարակված և հիվանդության մեջ կասկածվող ընտանի կենդանիների տեղաշարժումը:
 
Անհրաժեշտության դեպքում պետք է այրել դիերի հորերը: Վարակազերծման համար կիրառում են 2-4 %-անոց հիմնային լուծույթներ, վիրուսը նաև ոչնչանում է պաստերացնելիս և եռացնելիս:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: