Հանրագիտարան

Արածեցման եղանակները

Գյուղացիների շրջանում տարածված են ազատ կամ չհամակարգված, կապած և հերթափոխային արածեցումները:
Ազատ արածեցման դեպքում կենդանիներն առանց որևէ կարգի արածում են արոտավայրում: Այս պարագայում արոտային կերն օգտագործվում է ոչ արդյունավետ կերպով: Ամռան սկզբին կերի ավելցուկ է լինում, վերջում՝ պակասում է:
 
Օրվա ընթացքում կենդանիները տեղաշարժվում են, տրորում խոտածածկը, ծախսում են էներգիայի մեծ պաշար, ինչն ազդում է մթերատվության վրա: Երբեմն հանդիպում է կապած արածեցման եղանակը և հիմնականում կիրառվում է առանձին կենդանիների արածեցումը կազմակերպելու համար:
 
Ներկայումս կիրառվում է հերթափոխային արածեցումը:  Արածեցումները նման ձևով կազմակերպելու համար անհրաժեշտ է գյուղական ողջ արոտային տարածքը բաժանել առանձին արոտահանդերի և սահմանել հերթական օգտագործումների հաջորդականությունն ըստ արոտահանդերի:
 
Արածեցումների նման կարգի կիրառումը բավարար ժամանակ և հնարավորություն են ստեղծում օգտագործված արոտատեղերի բուսածածկի վերաճի համար, կրճատվում է տրորվածությունը: Այն արոտատեղերը, որտեղ բուսածածկը նոսրացած է, անհրաժեշտ է հանգիստ տալ և թողնել ինքնավերականգնվելու:
 
Արոտների հերթափոխային օգտագործման շնորհիվ արոտավայրերի արդյունավետությունը բարձրանում է 25-40%-ով: Հերթական արածեցումների կիրառումով լավանում է բուսածածկի կազմը, բարձրանում է կենդանիների մթերատվությունը, առավել արդյունավետ են օգտագործվում արոտային տարածքները, կատարվում են արոտավայրերի բարելավման և խնամքի աշխատանքներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: