Հանրագիտարան

Անասունների նախապատրաստումը ձմեռմանը

Երբ ավարտվում է անասունների (հատկապես՝ տավարի) լեռնային արոտներում պահելու շրջանը, կենդանիները փոխադրվում են գյուղամերձ արոտներ, ապա անցնում մսուրային պահվածքի:
Անհրաժեշտ է նախապես պատրաստվել կենդանիների մսուրային շրջանին: Պետք է նորոգել անասնագոմերը, կարգի բերել անասունների կանգնելատեղերը, գոմաղբի հեռացման սարքավորումները, պատրաստել ջուր խմելու, կթելու համար: Խորհուրդ է տրվում ախտահանել և մաքրել գոմերը:
 
Այնուամենայնիվ, հաջող ձմեռումն ամենից առաջ պայմանավորվում է անհրաժեշտ քանակի և որակյալ կերի առկայությամբ: Շատ դեպքերում կենդանիների ցածր մթերատվությունը պայմանավորված է ձմեռային շրջանում անբավարար կերակրմամբ:
 
Ձմռան ընթացքում հոգ է տարվում հղի ցամաք կովերի նկատմամբ: Ծնվելուց 50-60 օր առաջ նրանց ցամաքեցնում են՝ ապահովելով անհրաժեշտ քանակի և որակի կերերով: Լավ որակի կերը պարունակում է պրոտեին, վիտամիններ և հանքային նյութեր:
 
Կերաբաժնում պետք է տեղ զբաղեցնեն նաև սիլոսը և արմատապտուղները (ճակնդեղ, գազար, կարտոֆիլ): Դրանք կաթնառատ կերեր են, պարունակում են մեծ քանակությամբ դյուրամարս ածխաջրատներ: Կենդանիների մսուրային պահվածքի անհրաժեշտ տարրերից է ամենօրյա զբոսանքի կազմակերպումը:
 
Սրա շնորհիվ պահպանվում է կենդանիների առողջությունը, ապահովում է կենդանիների բարձր մթերատվությունը: Գոմերում պետք է լինեն ջրամաններ: Կարևոր է նաև կենդանիներին աղով ապահովելը: Դրանք պետք է աղ ստանան ամեն օր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: