Հանրագիտարան

Պտղատու ծառերի հասակային շրջանները

Պտղատու մշակաբույսերի անհատական զարգացումը բաժանվում է ինը հասակային ենթաբաժնի՝
 
Վեգետատիվ մասերի ուժեղ աճ
 
Սկսվում է սերմի ծլելուց և շարունակվում մինչև առաջին պտղաբերությունը: Այդ շրջանում բույսը կազմակերպում է ցողունը, կմախքային ճյուղերն ու աճակալող մասերը: Ագրոտեխնիկայի խնդիրներն են՝ նպաստել սաղարթի ձևավորմանը և պայմաններ ստեղծել, որպեսզի արմատային համակարգը խորը թափանցի հողի շերտերը:
 
Աճ և պտղաբերություն 
 
Սկսվում է առաջին պտղաբերությունից և շարունակվում մինչև համակարգված պտղաբերությունը: Այդ շրջանում ծառը դարձյալ աչքի է ընկնում իր ամենամյա ուժեղ աճով: Ագրոտեխնիկայի խնդիրներն են՝ սաղարթի հետագա ձևավորումը, բերքի խնամքը և հողի համապատասխան մշակությունը:
 
Պտղաբերություն և աճ
 
Այդ շրջանն սկսվում է լրիվ պտղաբերությունից մինչև տվյալ սորտին յուրահատուկ ամենաբարձր բերքատվությունը: Այդ ընթացքում վեգետատիվ աճն աստիճանաբար մարում է, կմախքային ճյուղերի ծայրամասային շիվերի աճը թուլանում է, աճակալող ճյուղերը՝ աստիճանաբար մահանում: 
 
Պտղաբերություն 
 
Բերքի քանակը շատ է լինում, սակայն ապրանքային բարձր որակ չի ունենում: Ագրոտեխնիկայի խնդիրներն են՝ ճյուղերի էտը, նոսրացումը:
 
Պտղաբերություն և մահացում
 
Ծառը լրիվ դադարեցնում է կմախքային ճյուղերի աճը և աճակալող ճյուղերն սկսում են մահանալ, ստացվում է ավելի ցածր բերք:
 
Մահացում, պտղաբերություն և աճ 
 
Այդ շրջանում մահացումն ուժեղանում է, և խիստ ընկնում է ծառի պտղաբերությունը: Այս ժամանակ պետք է նպաստել սաղարթում նոր, ուժեղ ճյուղավորությունների առաջացմանը: 
 
Մահացում, աճ և պտղաբերություն 
 
Այդ շրջանում ավելի է ուժեղանում առաջին կարգի խոշոր կմախքային ճյուղերի չորացումը, և առաջանում են նոր, ուժեղ շիվեր, խիստ կերպով ընկնում է պտղաբերությունը և պտուղների որակը: Ագրոտեխնիկայի հիմնական խնդիրն է երիտասարդացնելու նպատակով կատարել ծառերի  ուժեղ էտ:
 
Մահացում և աճ 
 
Սկսում են չորանալ հիմնական կմախքային ճյուղերը, և առաջանում են մացառներ: 
 
Աճ 
 
Այդ շրջանում չորանում են ծառերի սաղարթի բոլոր մասերը, և ցողունի հիմքից սկսում են առաջանալ նոր շիվեր, որոնք սկիզբ են դնում կյանքի նոր ցիկլի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: