Հանրագիտարան

Մեղուների հետ աշխատելու հիմնական կանոնները

Մեղվաընտանիքին խնամելու համար անհարժեշտ է ժամանակ առ ժամանակ բաց անել փեթակը և զննել այն: Նաև պետք է իմանալ, որ եթե առանց նպատակի հեռացվում է փեթակի ծածկը և նորից տեղը դրվում, մեղվաընտանիքը 500-600 գ մեղրաբերք պակաս է հավաքում:
Մեղվաընտանիքների հաճախակի և աննպատակ ստուգումները հանգեցնում են ցածր մեղրաբերքի: Խորհուրդ է տրվում տարվա ընթացքում միջին հաշվով յուրաքանչյուր մեղվաընտանիք ստուգել 5-6 անգամ: 
 
Աշխատանքի ճիշտ կազմակերպման համար մեղվաբույծը պետք է ձմռան ամիսներին նախօրոք ձեռք բերի անհրաժեշտ քանակությամբ նոր փեթակներ, տաքացնող բարձեր, նորոգի եղած գույքը, պահեստավորի անհրաժեշտ քանակությամբ մոմաթերթ, դեղամիջոցներ:
 
Պետք է իմանալ, որ մեղվաընտանիքը կարելի է ստուգել այն ժամանակ, երբ շրջապատի օդի ջերմաստիճանը ստվերում 120C-ից պակաս չէ: Մութն ընկնելուն պես պետք է դադարեցնել մեղուների հետ աշխատելը: Ստուգման ժամանակ մեղվապատ շրջանակները հանում են զգուշորեն, առանց կտրուկ շարժումների, որպեսզի մեղուները չգրգռվեն:
 
Մեղվաբույծը պետք է աշխատի բաց գույնի, մաքուր արտահագուստով: Պետք է իմանալ, որ մեղուները չեն տանում ոգելից խմիչքի, սոխի, սխտորի, օդեկոլոնի, քրտինքի, բենզինի և այլ հոտեր: Մուգ կտորներից կարված հագուստները գրգռում են մեղուներին:
  
Մեղուների խայթելուց դեմքն ու գլուխը պաշտպանելու համար օգտագործում են հատուկ դիմակներ: Փեթակի հետ աշխատելիս չի կարելի կանգնել մեղուների թռիչքի ճանապարհին: Մեղուների հարձակման ժամանակ հարկավոր է դադարեցնել աշխատանքը, այլապես այն կարող է ուժեղանալ և մեղվաընտանիքի կործանման պատճառ դառնալ:
 
Մեղուների հետ աշխատելիս պետք է օգտագործել ծխարար: Նրա մեջ պետք է վառել փայտի, ծառերի վրա աճող չոր սունկի կտորներ: Ծխարարի միջոցով կարելի է մեղուների շարժումն ուղղել յուրաքանչյուր ուղղությամբ: Զննելիս շրջանակները պահում են փեթակի վրա ուղղահայաց դիրքով կամ փոքր թեքությամբ:
 
Մեղրահացերը չի կարելի պահել հորիզոնական ուղղությամբ, որովհետև բջիջներից կարող են թափվել չհասունացած մեղրը, չամրացած ծաղկափոշու գնդիկները: Եթե պետք է մեղուներին հեռացնել մեղրահացի վրայից, ապա այն պահում են ուղղահայց դիրքով և կտրուկ շարժումներով մեղուներին թափ տալիս:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: