Հանրագիտարան

Մեղվաընտանիքի անդամների գործառույթների բաժանում

Կախված մեղվի ֆիզիոլոգիական վիճակից և ընտանիքի պահանջներից՝ մեղուն ընտանիքում կատարում է այս կամ այն աշխատանքը: Աշխատավոր մեղվի կատարած աշխատանքները լինում եմ երկու տեսակ՝ փեթակի ներսի և փեթակից դուրս:
Ծնվելուց հետո՝ առաջին օրերին, երիտասարդ մեղուն ակտիվ չէ: Այդ ընթացքում նա հանգստանում է, նրա օրգանիզմն ամրանում է, զարգանում են գեղձերը: Կյանքի չորրորդ օրը մեղուն արդեն ինքնուրույն բջիջներից մեղր է վերցնում, ընտանիքի պաշարից օգտագործում է մեծ քանակությամբ ծաղկափոշի, որն անհրաժեշտ է կաթ արտադրող գեղձերի զարգացման համար:
 
3-6 օրական հասակում նա սկսում է ընտանիքի մեծահասակ թրթուրներին կերակրել մեղրով: Երբ կաթ արտադրող գեղձերն սկսում են գործել, մեղուն անցնում է երիտասարդ հարսնյակների կերակրմանը: Մեղուն կերակրողի դերում է մինչև 12 օրական հասակը: Դրանից հետո նրանք կառուցում և նորոգում են մեղրահացերն ու կատարում կարճ թռիչքներ:
 
18 օրականից բարձր հասակի մեղուներն աշխատանքները կատարում են փեթակից դուրս: Թռչող մեղուների առանձին խմբեր կատարում են տարբեր գործառույթներ: Տարբերում են հետախույզ և կեր հավաքող մեղուներ: Հետախույզները փնտրում են կերի աղբյուրները:
 
Հայտնաբերելով մեղրաբերքի աղբյուրը՝ նրանք մեղրապարկի մեջ կեր են հավաքում, վերադառնում են փեթակ և հատուկ շարժումներով մյուս մեղուներին տեղեկացնում կերի աղբյուրի վայրի մասին: Հավաքող մեղուները, դաշտից նեկտար բերելով, իրենք չեն տեղավորում բջիջների մեջ, այլ փոխանցում են ընդունող մեղուներին: Նրանք ընդունում են կերը, վերանշակում և տեղավորում բջիջների մեջ:
 
Մեղուների տարբեր խմբերի միջև գործառույթների բաժանումը և տեղեկատվության փոխանցումն ունեն կարևոր կենսաբանական և գործնական նշանակություն: Մեղրաբերքի վերջանալու ժամանակ հետախույզ մեղուների գործունեությունը տնտեսում է մեղվի ընտանիքի էներգիան՝ կանխելով հավաքող մեղուների ոչ արդյունավետ թռիչքները:
 
Օրվա մեջ միջին հաշվով հավաքող մեղուները կատարում են 9-10 թռիչք՝ յուրաքանչյուր անգամ բերելով 30-40 մգ նեկտար: Ուժեղ ընտանիքներից, որտեղ հաշվվում է մինչև 60-70 հազար մեղու, օրական կարող է թռչել 35 հազար մեղու, որոնք մեկ օրում կարող են հավաքել 10-12 կգ նեկտար: Որքան մեղրաբերքի հավաքին, սննդի վերամշակմանն ու հարսնյակների խնամքին եռանդուն են աշխատում մեղուները, այնքան արագ է տեղի ունենում նրանց ֆիզիոլոգիական ծերացումը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: