Հանրագիտարան

Ջրի դերը բույսի և հողի կյանքում

Ջուրը բույսի կյանքի անհրաժեշտ գործոն է և հողի բերրիության կարևոր տարր: Բույսի պահանջը ջրի նկատմամբ սկսվում է սերմի ծլման պահից և շարունակվում է մինչև լրիվ հասունացումը: Սերմերն սկսում են ծլել այն ժամանակ, երբ նրանք բավարար ջուր են կլանել և ուռչել:
Ուռչելու համար պահանջվող ջրի քանակը բույսերի մոտ տարբեր է և տատանվում է սերմի կշռի 25-ից մինչև 150%-ի սահմանում: Սերմերը խոնավություն ներծծում են իրենց ողջ մակերեսով: Աճի հետագա փուլերում բույսի պահանջը ջրի նկատմամբ մեծանում է: Ջուրն այն միջավայրն է, որտեղ լուծվում են բույսին անհրաժեշտ հողային սննդատարրերը:
 
Բացահայտված է, որ ֆոտոսինթեզի արագությունը կախված է տերևներում ջրի պարունակությունից: ֆոտոսինթեզն ամենից ակտիվ ընթանում է բույսի պահանջին համապատասխան քանակով տերևներում ջուր լինելու դեպքում: Բույսերի կողմից վեգետացիայի ընթացքում ծախսվող ջրի մեծագույն մասը գոլորշիանում է տերևների միջոցով:
 
Բույսերի համար ջուրը կատարում է հետևյալ հիմնական գործառույթները՝
 
- լուծում է հողում եղած հանքային սննդանյութերը և փոխադրում է արմատներից սաղարթի վերին մասերը, ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական ուղղությամբ,
 
- բույսերի վերերկրյա մասերում ստեղծված օրգանական նյութերը լուծում է իր մեջ և տեղափոխում դեպի արմատային համակարգ,
 
- ջուրը մտնում է բջջի պրոտոպլազմայի, կորիզի, պլաստիդների և բջջի պատերի մեջ ու կազմում է նրանց անհրաժեշտ, անբաժանելի մասը,
 
- մասնակցում և անհրաժեշտ պայմաններ է ստեղծում բջջի մեջ տեղի ունեցող  քիմիական գործընթացների հաջող կատարման համար:
 
Պտղատու բույսերն ամենից շատ ջուր են պահանջում գարնանը՝ ծաղկման և ամռանը՝ վեգետատիվ աճի, պտղալիցի, ծաղկաբողբոջների առաջացման շրջանում: Ամռան վերջում և աշնանը ջրի պահանջն աստիճանաբար պակասում է և հանգստի շրջանում այն համարյա աննշան է դառնում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: