Հանրագիտարան

Հողի օդային ռեժիմը

Հողի օդը նրա կարևոր բաղկացուցիչ մասն է՝ բույսերի արմատների և աէրոբ միկրոօրգանիզմների համար թթվածնի աղբյուրը: Այն հողում գտնվում է երեք վիճակով՝
- ազատ, որն զբաղեցնում է ջրից ազատ ծակոտիները,
- հողի մասնիկների մակերեսին խտացված ձևով,
- հողի ջրի մեջ լուծված վիճակում:
 
Օդի քանակը կախված է հողի տիպից, մշակության աստիճանից և այլ պատճառներից: Բույսերի կանոնավոր աճը հնարավոր է բավարար քանակությամբ օդի մուտքի պայմաններում: Հողի մեջ անբավարար օդի ներթափանցման դեպքում բույսերը ճնշվում են, նրանց աճը դանդաղում է:
 
Օդի բացակայության դեպքում ստեղծվում են անաէրոբ պայմաններ, որի հետևանքով հողում առաջանում են բույսերին վնասակար տարրեր՝ ենթաօքսիդ միացություններ: Հողի օդն իր կազմով տարբերվում է մթնոլորտի օդից:
 
Միկրոօրգանիզմների ու բույսերի արմատների շնչառության, ինչպես նաև օրգանական նյութերի տարրալուծման պրոցեսում հողի օդը հարստանում է ածխաթթվով և աղքատանում թթվածնից:
 
Հողում բարենպաստ օդային ռեժիմի ստեղծումը բարձր բերքի կարևոր նախադրյալներից մեկն է: Հողի խորը փխրեցումը, փոցխումը, կեղևակալման վերացումը, պտղատու ծառերի միջշարային տարածությունների փխրեցումը նպաստում են օդային ռեժիմի լավացմանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: