Հանրագիտարան

Հողի ջերմային ռեժիմը

Հողի ջերմության հիմնական աղբյուրն արևի ճառագայթային էներգիան է, իսկ մյուս մասն ստացվում է հողում եղած օրգանական նյութերի տարրալուծումից առաջացած ջերմությամբ: Տարբեր հողեր ունեն տարբեր ջերմային հատկություններ: Որոշ հողեր ջերմությունը լավ են կլանում և պահում են, որոշները՝ հակառակը:
Ջերմակլանողականությունն արևի ջերմային էներգիան կլանելու հողի ընդունակությունն է: Այն հիմնականում կախված է հողի գույնից: Հումուսով հարուստ, մուգ գույնի հողերն ավելի մեծ ջերմակլանողականություն ունեն, քան հումուսից աղքատ բաց գույնի հողերը:
 
Ջերմաճառագայթումը հողի ջերմության մթնոլորտին տալու հատկությունն է: Սովորաբար ջուրն ունի ավելի մեծ ջերմաճառագայթելու ընդունակություն, քան հողի կազմի մեջ մտնող մյուս նյութերը: Այդ իսկ պատճառով էլ հողի ջերմաճառագայթումը մեծ չափով կախված է նրա խոնավության աստիճանից: Որքան հողի խոնավությունը բարձր է, այնքան ջերմաճառագայթումը մեծ է, և հողը ջերմություն շատ է կորցնում:
 
Ջերմահաղորդականությունը տաք շերտերից ջերմության սառը շերտերին հաղորդելու հողի ընդունակությունն է: Ձմռան ընթացքում ձյան պահպանումը հողի ջերմային ռեժիմի բարելավման և բույսերի վեգետացիայի ընթացքում ջրի պաշարն ավելացնելու կարևոր միջոցառումներից է համարվում: Տորֆը գոմազբը հողի մեջ մտցնելը նույնպես մեծ չափով լավացնում է ջերմային ռեժիմը: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: