Հանրագիտարան

Խաղողի այգու հողամասի ընտրությունը

Խաղողի այգի հիմնելու համար մեծ նշանակություն ունի հողամասի ճիշտ ընտրությունը, որից և կախված է այգու բարձր բերքատվությունն ու երկարակեցությունը:
Խաղողի վազը կարող է աճել գրեթե բոլոր հողերում, բացի ճահճացած և աղակալած հողերից: Նաև պետք է հիշել, որ բոլոր մշակաբույսերը բարձր բերք են տալիս հումուսով հարուստ, ոռոգելի, լավ վարելաշերտ ունեցող հողերում:
 
Եթե դուք ցանկանում եք այգի հիմնել կիսաանապատային քարքարոտ հողերում, անհրաժեշտ է ուսումնասիրել հողի կառուցվածքն ու կազմությունը, ինչպես նաև մայր ապարը: Դա իմանալու համար պետք է հողամասի հակադիր անկյուններից 50 մետր հեռավորությամբ 1.5 մետր խորությամբ փորվածքներ անել:
 
Եթե այդ խորության վրա չկա կրի և մայր ապարի համատարած շերտ, իսկ վարելահողը պիտանի է, ապա այդ տարածքը խնամքով նախապատրաստելուց հետո կարելի է խաղողի այգի հիմնել:
 
Շատ կարևոր է նաև, որ ստորերկրյա ջրերի մակարդակը 1.5 մետրից ցածր լինի, հակառակ դեպքում անհրաժեշտ է օգտագործել ցամքեցուցիչներ: Այգետնկման համար առանձնացված հողամասում հերթականությամբ անհրաժեշտ է կատարել հետևյալ նախապատրաստական աշխատանքները՝
 
- պետք է արմատախիլ անել և հեռացնել թփերը, հին վազերը, խոշոր արմատների մնացորդները: Հողամասում չպետք է լինեն 10 սմ-ից ավելի խոշոր քարերը,
 
- հողամասը մաքրելուց հետո անհրաժեշտ է խնամքով հարթեցնել նրա մակերեսը: Հարթեցման աշխատանքները կատարվում են բուլդոզերներով և գրեյդերներով,
 
- հողածածկույթի հարթեցումից հետո հողը պետք է պարարտացնել կիսափտած գոմաղբով, սուպերֆոսֆատով և կալիումական աղով,
 
- հաջորդ քայլը հողի նախատնկումային խորը հիմնաշրջումն է: Ոռոգվող շրջաններում այգու տնկման համար հողամասը պետք է հիմնաշրջել 60-70 սմ, ոռոգման խնդիրներ ունեցող ջրերում՝ 70-80 սմ խորությամբ: Հին այգին քանդելուց հետո պետք է նախկինից ավելի խորը հիմնաշրջել,
 
- խնամքով հարթեցված հողամասում անհրաժեշտ է որոշել շարքերի ուղղությունը, միջշարքային և շարքերում միջվազային տարածությունները և վազերի դասավորման կարգը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: