Հանրագիտարան

Խաղողի բերքահավաքը

Խաղողի բերքահավաքը պետք է կազմակերպել այնպես, որ սեղմ ժամկետում և առանց կորստի բերքը լրիվ հավաքվի: Առաջին հերթին պետք է որոշել սպասվող բերքի քանակն ըստ առանձին հողամասերի և սորտերի: Բերքի հաշվառում կատարելու համար պետք է անցնել յուրաքանչյուր 10-րդ շարքով և յուրաքանչյուր տասներորդ վազի վրա հաշվել ողկույզները:
Հաշվառելիս պետք է ընտրել բերքատվությամբ տվյալ այգու համար տիպիկ վազեր: Այնուհետև պետք է որոշել տվյալ հողակտորում մեկ վազի վրա եղած ողկույզների միջին թիվը, այն բազմապատկել այգում եղած բերքատու վազերի թվով: Այգում եղած ողկույզների թիվը, բազմապատկելով տվյալ սորտի ողկույզների միջին կշռով, կստացվի սպասվող բերքի քանակը:
 
Խորհուրդ է տրվում բերքահավաքն սկսել այն ժամանակ, երբ խաղողը հասունացել է և պիտանի է թարմ վիճակում օգտագործելու կամ վերամշակելու, ինչպես նաև պահպանելու համար: Սեղանի սորտերի բերքահավաքը պետք է կատերել այն ժամանակ, երբ պտուղները հասունացել են, փափկել, ստացել սորտին հատուկ տեսք, գունավորում, պարունակում են չափավոր քաղցրություն՝ 18-22 շաքար:
 
Բերքահավաքի համար նպաստավոր են չոր եղանակները: Անձրևոտ օրերին չի կարելի բերքը հավաքել, քանի որ պտուղների վրա եղած խոնավությունը նպաստում է փտմանը: Իսկ ժամանակից շուտ հավաքած բերքը հետագայում չի հասունանում: Բերքահավաքը կատարում են այգեգործական մկրատով կամ դանակով: Ողկույզը կտրելիս պետք է բռնել, որպեսզի ողկույզների վրայի մոմաշերտը չվնասվի. այն ապահովում է խաղողի ավելի լավ պահունակությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: