Հանրագիտարան

Խաղողի այգու հիմնումը

Խաղողի այգի հիմնելու համար պետք է կազմել պլան և հաշվի առնել, որ տնկվող այգին կարող է գոյություն ունենալ շուրջ 60 և ավելի տարի և յուրաքանչյուր սխալ կարող է շատ թանկ արժենալ:
Այգին հիմնելիս առաջին հերթին լուրջ ուշադրություն պետք է դարձնել սորտերի ընտրությանը, ինչը հատկապես կարևոր է մեծ ֆերմերային տնտեսությունների համար: Վազերի տնկումը կատարվում է՝ 1. Եռանկյունաձև կամ շախմատաձև 2. Շարքային 3. Քառակուսի:
 
Արտադրության համար լայնորեն կիրառում են շարքային տնկումը: Տնկման խտությունը կախված է տվյալ տարածքի հողակլիմայկան պայմաններից և սորտերի կենսաբանական առանձնահատկություններից:
 
Այգիներ կարելի է հիմնել և՛ աշնանը, և՛ գարնանը: Աշնան տնկումների առավելությունն այն է, որ ձմռան ընթացքում կուտակված խոնավության շնորհիվ արմատակալները գարնանը համեմատաբար շուտ են սկսում աճել:
 
Քարքարոտ հողերում աշնանային տնկումներ կարելի է կատարել միայն այն դեպքում, երբ դրանից հետո հնարավոր է այգին ջրել, այլապես մեղմ ու չոր ձմեռվա և վաղ գարնան բարձր ջերմաստիճանը կարող է վնասել արմատակալները:
 
Գարնան տնկումները պետք է կատարել ապրիլին, երբ արդեն ջրելու հնարավորություն է ստեղծվում: Տնկումները խորհուրդ է տրվում կատարել 30-40 սմ խորությամբ:
 
Հողակտորում վազերի տեղը ճիշտ որոշելու համար օգտագործում են տեղագրական և երկրաբաշխական աշխատանքներում ուղղությունները որոշելու և հորիզոնական ու ուղղաձիգ անկյունները չափելու գործիք, մետաղյա ժապավեն և լարեր, որոնց վրա կարմիր գույնով նշվում են վազերի տեղերը:
 
Այգիներ հիմնելիս պետք է օգտագործել 1-2 տարեկան առաջին տեսակի մաքրասորտ արմատակալներ: Նախքան տնկելը պետք է հողը նախապատրաստել՝ մաքրել քարերից, մացառներից, մոլախոտերից, այնուհետև հարթեցնել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: