Հանրագիտարան

Խաղողագործության պատմությունն ու դերը

Խաղողի վազն ունի շատ հին ծագում, իսկ վայրի խաղողն սկսել են մշակել դեռևս էնեոլիթի և բրոնզի դարերում: Հնագիտական հետազոտությունները հաստատում են, որ մոտավորապես 5-7 հազար տարի առաջ խաղողագործությունը ծաղկում էր ապրում Անդրկովկասում, Միջին Ասիայում, Սիրիայում, Միջագետքում և Եգիպտոսում՝ Միջերկրական, Սև և Կասպից ծովերի ավազանում:
Հայաստանում խաղողագործությունը շատ հին ծագում ունի: Դեռևս մ.թ.ա. 10-9-րդ դարերում ուրարտացիներն ունեցել են զարգացած խաղողագործություն և այգեգործություն: Խաղողը Հայաստանի սիմվոլներից մեկն է, քանի որ համաձայն լեգենդի՝ մարդկությունը բացահայտեց գինին այն ժամանակ, երբ Նոյ նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը:
 
Հայաստանում խաղողագործության զարգացման մասին են վկայում ասորեստանյան սեպագիր արձանագրությունները, Կարմիր բլուրի, Արենիի քարանձավի պեղումների ժամանակ հայտնաբերված մառանները, կարասները, գինեգործական պարագաները:
 
Խաղողագործությունը միշտ եղել է Հայաստանի գյուղատնտեսության գլխավոր ճյուղերից մեկը: Հայկական խաղողները և գինիները կարևոր դեր են խաղացել ինչպես Հայաստանի հովտային և լեռնային շրջանների միջև ապրանքափոխանակության, այնպես էլ մի շարք երկրների (Միջին Արևելք, Ռուսաստան, Եվրոպա) հետ առևտրական կապերի զարգացման համար:
 
ՀՀ խաղողագործական հիմնական տարածքները գտնվում են կիսաանապատային և չոր տափաստանային գոտում: Այստեղ տարածված են լեռնային գորշ և լեռնաշագանակագույն հողերը: Հայաստանի գյուղատնտեսական գոտիներից խաղողագործությունը զարգացած է Արարատյան դաշտավայրում, Վայոց ձորում և Սյունիքում:
 
Գոյություն ունի խաղողի տեսակների և սորտերի մասին գիտություն, որը կոչվում է խաղողագրություն (ամպելոգրաֆիա՝ հուն. ampelos-խաղող և grapho-գրում եմ): Վերջինս ուսումնասիրում է խաղողի տեսակների հատկանիշների փոփոխման օրինաչափությունները՝ պայմանավորված արտաքին պայմաններով և մարդու գործունեությամբ:
 
Խաղողագրություն եզրույթն առաջինն օգտագործել է բնագետ Ֆ. Սաքսը 1661թ., որին և համարում են խաղողագրության հիմնադիր: 1873թ.-ին Վիեննայում ստեղծվել է խաղողագրության միջազգային հանձնաժողով, որը սահմանել է խաղողի սորտերի նկարագրման միատեսակ համակարգ: Խաղողագործությունը երկրագործության եկամտաբեր ճյուղերից է:
 
Խաղողի թարմ պտուղները, ինչպես նաև նրանցից վերամշակված տարբեր մթերքները պարունակում են արժեքավոր սննդանյութեր: Խաղողի պտուղներում ջրի քանակը համեմատաբար քիչ է, իսկ խաղողահյութը պարունակում է միջինում 20-22% գլյուկոզա և ֆրուկտոզա:
 
Թարմ խաղողի օգտագործումը հանգստացնում է մարդու նյարդային համակարգը, վերականգնում ծանր վիրահատման ենթարկված մարդու ուժն ու երիկամների բնականոն գործունեությունը, բարերար ազդեցություն է ունենում տուբերկուլյոզով հիվանդների բուժման, աղեստամոքսային և սրտային հիվանդությունների դեմ պայքարելու դեպքում: 
 
Սևապտուղ սորտերը մանրէասպան ու հակաճառագայթային ազդեցություն ունեն: P և K1 վիտամինները կանոնավորում են արյունատար անոթների գործունեությունը, չամիչի ոչ մեծ քանակության օգտագործումը վերացնում է հոգնածությունը, ակտիվացնում է ուղեղի գործունեությունը:
 
Խաղողի վազն ունի բացառիկ հատկություն, այն մշակվում է համարյա բոլոր հողերում, բացի աղակալած և ճահճացած հողերից: Վազն աճում և առատ բերք է տալիս նույնիսկ այնպիսի ավազային և քարքարոտ վայրերում, որոնք պիտանի չեն շատ բույսերի համար: Խաղողի վազի մշակությունը մեծ հեռանկար ունի ունի զառիթափ լանջերում, անապատային, կիսաանապատային հողերում, շարժուն ավազուտներում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: