Հանրագիտարան

Էրիխ Մարիա Ռեմարկ

Էրիխ Մարիա Ռեմարկը (գերմ.՝ Erich Maria Remarque, 1898թ. հունիսի 22-1970թ. սեպտեմբերի 25) 20-րդ դարի ամենահանրահայտ և թերևս ամենաընթերցվող գերմանացի գրողն է։ Նրա հայտնի ստեղծագործություններից են՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (1929թ.), «Երեք ընկեր» (1936թ.), «Հաղթական կամար» (1945թ.) և այլն:
Ծնվել է Օսանբրյուք քաղաքում, եղել է ընտանիքի 5 երեխաներից երկրորդը: 1916թ. զորակոչվել է բանակ, 1917թ. hուլիսի 31-ին վիրավորվել է նրա ձախ ոտքը, աջ ձեռքը և պարանոցը, ինչի հետևանքով պատերազմի մնացած տարիներն անցկացրել է զինվորական հոսպիտալում:
 
Մոր մահից հետո նրա պատվին փոխել է իր երկրորդ անունը և դարձրել Մարիա (գրողի իսկական անունը եղել է Էրիխ Պաուլ Ռեմարկ): 1921թ. սկսել է աշխատել “Echo Continental” ամսագրում (որպես խմբագիր): Հենց այդ շրջանում էլ սկսել է օգտագործել “Erich Maria Remarque” գրական կեղծանունը:
 
1925թ. ամուսնացել է նախկին պարուհի Իլզե Յուտտա Զամբոնայի հետ, որը տառապում էր թոքախտով: Հենց նա է օրինակ դարձել գրողի հայտնի վեպերից մեկի՝ «Երեք ընկեր»-ի գլխավոր հերոսուհու կերպարի ստեղծման համար:
 
1932 թվականից Ռեմարկը լքել է Գերմանիան և տեղափոխվել Շվեյցարիա: 1933թ. նացիստներն արգելել են և այրել Ռեմարկի ստեղծագործությունները: Պնդում էին, որ նա գերմանացի չէ, ունի հրեական ծագում, ազգանունն էլ Կրամեր է («Ռեմարկ»-ը՝ հակառակ):
 
Այս «փաստը» մինչ օրս էլ ներառված է որոշ աղբյուրներում՝ գրողի կենսագրական տվյալներում, չնայած որ դա հաստատող որևէ հստակ տեղեկատվություն գոյություն չունի: Այս տեսանկյան կողմնակիցները հիմնվում էին այն ենթադրության վրա, որ սեփական ազգանվան գերմանական ուղղագրությունը ֆրանսիականով փոխարինած (“Remark”-ը “Remarque” դարձրած) մարդը չի կարող զտարյուն գերմանացի լինել: 
 
1937թ. գրողը ծանոթացել է հռչակավոր դերասանուհի Մառլեն Դիտրիխի հետ, ում հետ բուռն սիրավեպ է ունեցել: Շատերի կարծիքով հենց այս հարաբերություններն են արտացոլված նրա գլուխգործոցներից «Հաղթական կամար» վեպում:
 
1939թ. Ռեմարկը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ 1947թ. ստացել է քաղաքացիություն: 1951թ. Ռեմարկը ծանոթացել է Չարլի Չապլինի նախկին կնոջ՝ հոլիվուդյան դերասանուհի Փոլեթ Գոդարի հետ (1910-1990թթ.), ով դարձել է գրողի վերջին սերը: 1957թ. ամուսնալուծվել է և 1958թ. ամուսնացել Փոլեթի հետ: Ռեմարկը Փոլեթի հետ միասին վերադարձել է Շվեյցարիա և այնտեղ ապրել իր կյանքի մնացած տարիները: 
 
1967թ. Շվեյցարիայում Գերմանիայի դեսպանը նրան պարգևատրել է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության շքանշանով: Մեկ տարի անց Ռեմարկին շնորհվել է շվեյցարական Ասկոնա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: 
 
Ռեմարկը մահացել է Լոկարնոյում՝ 72 տարեկան հասակում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: