Հանրագիտարան

Սողանքների հետևանքները

Սողանքներից հիմնականում տուժում են բնակելի և արդյունաբերական կառույցները, տրանսպորտային հաղորդակցուղիները, էներգատարները, այգիներն ու վարելահողերը, հանքերը և այլն:

ՀՀ-ում կան տարբեր չափերի ավելի քան 3000 սողանքային օջախներ, որոնք ընդգրկում են շուրջ 65 000 հա տարածք: Ակտիվ սողանքային տարածքներում են գտնվում Ողջաբերդ, Հաղարծին, Գնիշիկ, Գոշ, Օձուն գյուղերը, Դիլիջան, Կապան քաղաքները և այլ բնակավայրեր: Սողանքներն առավելապես տարածված են Դեբեդ, Հրազդան, Որոտան, Ողջի, Աղստև, Ազատ և Արփա գետերի ջրավազաններում: Սողանքների հասցրած տարեկան վնասը ՀՀ-ում կազմում է մոտ 5 միլիարդ դրամ:

Այս աղետը չի սահմանափակվում միայն նյութական վնասներ պատճառելով: ԱՄՆ-ում ամեն տարի սողանքին զոհ է գնում 25 մարդ, ինչը գերազանցում է երկրաշարժից զոհվածների թիվը: Ճապոնիայում այդ թիվը կազմում է բոլոր աղետներից զոհվածների 40-50 տոկոսն այն դեպքում, երբ ճապոնական կղզիները տարաբնույթ աղետների (երկրաշարժ, հրաբուխ, ջրհեղեղ, փոթորիկ) մշտական թիրախ են:

Ստորև ներկայացված են աշխարհին հայտնի սողանքների մի քանի օրինակներ:
1949թ. Պամիրի լեռներում առաջացել է խոշոր սողանք, որը սրընթաց գահավիժելով Դարիհաուզ կիրճով՝ 10 կմ տարածության վրա ոչնչացրել է բոլոր գյուղերը, խլել շուրջ 10 000 մարդու կյանք:

1963թ. Հյուսիսային Իտալիայում՝ Վայոնտ գետի կիրճում, տեղի է ունեցել Եվրոպայում 20-րդ դարի ամենակործանիչ սողանքը՝ 360 մլն մ3 ծավալով: Սողանքը սահել է Վայոնտի ջրամբարը՝ դուրս մղելով 114 մլն մ3 ծավալով ջուր: 246 մ բարձրությամբ ալիքը հարձակվել է հովտում գտնվող 5 քաղաքի վրա՝ բնաջնջելով դրանք, զոհվել է մոտ 3 հազար մարդ: Միայն 1990-1992թթ. ամբողջ աշխարհում սողանքներին զոհ է գնացել մոտ 600 000 մարդ:

Հայաստանում ամենամեծ սողանքը գրանցվել է 1840թ. հուլիսին, երբ հայտնի Արարատյան երկրաշարժի հետևանքով Արարատ լեռից պոկվել է մոտ 3 ք/կմ ծավալով զանգված: Անցնելով 28 կմ՝ այն իր ճանապարհին ոչնչացրել է Ս. Հակոբի վանքը, Արալիք քաղաքը, մի քանի գյուղ իր բնակիչներով, պատնեշել Սևջուր գետը: Հայտնի են նաև այլ հսկա սողանքներ՝ Անիի (1022թ. և 1064թ.), Գառնիի (1679թ.) և Ծաղկաձորի (1827թ.) սողանքները:

Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: