Հանրագիտարան

Ի՞նչ է սողանքը

Սողանքը լեռնալանջերի, բլուրների, գետահովիտների և արհեստական թեքությունների վրա զգալի չափերի ապարազանգվածի երկարատև կամ արագ տեղաշարժն է (սահք)՝ ծանրության ուժի ազդեցության տակ:

Սողանքները տեղի են ունենում լեռնային, նախալեռնային շրջաններում՝ երկրաբանական և այլ անբարենպաստ պայմաններով լանջերի վրա: Դրանք կարող են ընդգրկել նշանակալի տարածքներ, այդ թվում՝ բնակավայրեր, ճանապարհներ, հաղորդակցության ենթակառուցվածքներ, գյուղատնտեսական հանդակներ:

Սողանքի առաջացմանը նպաստող գործոններից են.

  • լանջի մեծ թեքությունը, որը գերազանցում է բնական թեքման անկյունը,
  • լանջի խորքում փափկած կավի առկայությունը,
  • լանջի խորքում ջրանթափանց (կավային) և ջրաթափանց (ավազներ և այլն) ապարների շերտերի պարբերականությունը,
  • երկրաշարժերը,
  • գերխոնավացումը:

Սողանքը մեծամասամբ հրահրվում է մարդու անհեռատես, չհիմնավորված գործողություններով, որոնք խախտում են լանջի կայունությունը`  

  • լանջերի կտրատում, դարավանդավորում,
  • լանջի վրա արհեստական բեռնվածքի ավելացում (կառուցապատում),
  • լանջի գյուղատնտեսական յուրացում, մակերևույթի փխրեցում, շռայլ ոռոգում,
  • անտառահատումներ,
  • լանջի վրայի բնակավայրերում տեխնիկական, կենցաղային և այլ ջրերի հեռացման համար կոյուղու բացակայություն,
  • լանջերի վրա կամ մոտակայքում պայթեցման աշխատանքների կատարում, փոսորակների և խրամատների ստեղծում:

Բերենք սողանքի զարգացման մեկ օրինակ: Մարդու գործունեության արդյունքում խախտվում է անձրևաջրերի, ձնհալոցքային և այլ ջրերի բնականոն հոսքը: Վերջինս, բախվելով նորահայտ արգելքների, ներծծվում է լանջի խորքը: Հողը գերխոնավանում է և կորցնում իր կայունությունը, ինչը հանգեցնում է հողի վերին շերտերի սահքի:

Աղբյուրները՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն,
ՀՀ-ում գյուղատնտեսությանը վնաս պատճառող բնական և մարդածին աղետների ռիսկերի նվազեցման ուղեցույց
 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: