Հանրագիտարան

Սողանքների կանխարգելում

Սողանքների դեմ պայքարի միջոցառումները բազմաբնույթ են՝
  • կոյուղու համակարգի ստեղծում և ջրմուղ-կոյուղու ցանցի պատշաճ շահագործում,
  • լանջի խորքը թափանցած ջրերի հեռացման համար դրենաժային համակարգի ստեղծում,
  • սահեցնող ուժերի նվազեցման նպատակով լանջի արտաքին, առանձնապես թեք շերտերի կտրում, հեռացում,
  • ոռոգման նորմավորում և առաջավոր մեթոդների (կաթիլային ոռոգում) ներդրում,
  • խորը արմատներով ծառերի տնկում:

Վերոնշյալ միջոցառումների մեծ մասը ծախսատար է և պահանջում է իրականացման բարձր որակ և հուսալիություն: Սողանքի դեմ պայքարի ամենաարդյունավետ ուղին անբարենպաստ երկրաբանական և այլ պայմաններով լանջերից «հեռու» մնալն է, դրանց վրա կառուցապատումներ, ձևափոխումներ, անտառահատումներ և այլ միջամտություններ կատարելուց խուսափելը:

Եթե, այնուամենայնիվ, ստիպված եք միջամտել լանջի բնականոն գոյությանը, ապա պետք է պահպանեք անվտանգության աշխատակարգ՝
 
  • Շինարարություն կատարեք միայն հիմնավոր նախագծերի համաձայն:
  • Սողանքավտանգ լանջը չծանրաբեռնեք շենքերով, շինություններով (դա խախտում է լանջի զանգվածի հավասարակշռությունը):
  • Լանջերում ծառահատումներ և անտառահատումներ չանեք, սողանքավտանգ լանջերը ծառապատեք, թփապատեք և անտառապատեք:
  • Լանջերում դարավանդներ չկառուցեք բոստանային մշակաբույսերի համար:
  • Հնարավորինս սահմանափակեք գնացքների և ավտոմեքենաների տեղաշարժը:
  • Արգելեք այն պայթեցումները, որոնք կարող են առաջացնել սողանքներ:
  • Ստեղծեք ջրահեռացման համակարգ (կոյուղու, խմելու ջրի, կենցաղային ջրերի, անձրևաջրի հեռացման համար) և թույլ մի´ տվեք, որ ջուրը ներծծվի հողի շերտ ու հասնի կավային շերտերին:
  • Ջրավազանների, լոգարանների և այլ ջրօգտագործող օբյեկտների շահագործումն իրականացրեք ջրի արտահոսքի բացառման պայմանով:
  • Հողատարածքների ոռոգում կատարեք խիստ խնայող ռեժիմով:
Աղբյուրը՝ ՀՀ-ում գյուղատնտեսությանը վնաս պատճառող բնական և մարդածին աղետների ռիսկերի նվազեցման ուղեցույց
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: