Հանրագիտարան

Ձնահյուս

Ձնահյուսը լեռնային բարձունքների թեք լանջերից ձյան մեծ զանգվածակույտի գահավիժումն է, որը երբեմն հասնում է բնակելի հարթավայրերին՝ սպառնալով բնակչության կյանքին ու առողջությանը:
Ձնահյուսը վնասում է տնտեսության օբյեկտները, էլեկրահաղորդման գծերը, փակում լեռնանցքային ճանապարհները: Հայաստանում ձնահյուսերի տարածման շրջաններն են Բազումի, Փամբակի, Վարդենիսի, Զանգեզուրի լեռնաշղթաների վերին հոսանքները:
 
Ձնահյուսերի առաջացման պատճառ են դառնում ձյան առատ տեղումները կամ ինտենսիվ հալոցքը, ձնաբուքերը, ջերմաստիճանի կտրուկ անկումը, անձրևները, երկրաշարժը, պայթյունները և մարդկային գործունեության այն տեսակները, որոնք առաջացնում են լեռնալանջերի տատանում:
 
Ձնահոսքից հիմնականում տուժում են այն մարդիկ, որոնց գործունեությունը կապված է լեռնային գոտու հետ՝ բարձրալեռնային շրջանների բնակիչները, զբոսաշրջիկները, լեռնագնացները, երկրաբանները, սահմանապահները: Ձնահյուսը դիտվում է հիմնականում գարնանն ու ամռանը 45 աստիճանից ավել թեքություն ունեցող լանջերի վրա:
 
Ձնահյուսից խուսափելու համար՝
  • Ձյան ժամանակ և վատ եղանակին մի՛ գնացեք լեռներ:
  • Լեռներ գնալուց առաջ  նախապես տեղեկացեք, թե որոնք են ձնահյուսի իջնելու հնարավոր վայրերը:
  • Խուսափեք այն վայրերից, որտեղ առկա է ձնահյուսի իջնելու վտանգ:
  • Լեռներում եղած ժամանակ ուշադրություն դարձրեք եղանակի փոփոխությանը:
  • Եթե նկատել եք մեծ բարձրությունից  իջնող ձնահոսքը, ապա արագ քայլով կամ վազքով հեռացեք ավելի անվտանգ վայր կամ պատսպարվեք:
  • Եթե չկարողանաք փախչել ձնահոսքից, ազատվեք ուղեբեռից, ընդունեք հորիզոնական դիրք՝ ծնկները սեղմելով փորին: 
Ձնահոսքի մեջ հայտնվելիս`   
  • Մի՛ բղավեք. ձյունն ամբողջությամբ խլացնում է ձայնը:  Դրանով միայն անտեղի կվատնեք Ձեր ուժն ու եռանդը, թթվածինն ու ջերմությունը:
  • Ծածկեք Ձեր բերանը և քիթը ձեռնոցով, օձիքով:
  • Աշխատեք մնալ ձնահոսքի մակերևույթի վրա`   ձեռքերի լողային շարժումներով շարժվելով դեպի դրա եզրը, որտեղ արագությունը պակաս է:
  • Երբ ձնահոսքը կանգ առնի, փորձեք Ձեր դեմքի և կրծքի շուրջ ստեղծել ազատ տարածություն, ինչը կհեշտացնի Ձեր շնչառությունը:
  • Եթե ունենաք հնարավորություն, շարժվեք դեպի վեր (ուղղությունը կարող եք պարզել բերանից հոսող թքի միջոցով):
  • Զսպեք Ձեզ, փորձեք չքնել: Հիշեք, որ Ձեզ փնտրում են: Հայտնի են դեպքեր, երբ ձնահյուսի մեջ հայտնված մարդկանց փրկել են նույնիսկ տասներեքերորդ օրը:
  • Ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ ձյան միջից դուրս գալով`   ուշադիր զննեք Ձեր մարմինը և անհրաժեշտության դեպքում ինքներդ Ձեզ օգնություն ցուցաբերեք:
  • Եթե հայտնվեք ձնահոսքի գոտուց դուրս, ապա տեղեկացրեք տեղի ունեցած դժբախտության մասին մոտակա բնակավայրի իշխանություններին: Փնտրեք և փորձեք փրկել տուժածներին:
  • Դիմեք տեղի բուժկետ կամ բժշկի անգամ այն դեպքում, երբ համարում եք, որ առողջ եք, և ձնահոսքը Ձեզ լուրջ վնաս չի պատճառել: 
Աղբյուրները՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն
                    «Մինչև աղետը. Աղետի ժամանակ. Աղետից հետո» (Ուղեցույց)
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: