Հանրագիտարան

Կարկտահարություն

Կարկուտը հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթ է, որն արտահայտվում է որպես պինդ մթնոլորտային տեղում՝ սառցե գնդաձև հատիկների տեսքով։ Սովորաբար տեղում է տարվա տաք եղանակին (ՀՀ-ում՝ ապրիլից հոկտեմբեր ամիսներին) և ուղեկցվում ամպրոպով, տեղատարափ անձրևով։ Որպես կանոն՝ տևում է 5-10 րոպե, բացառիկ դեպքում՝ 1 ժամ:

Կարկտահատիկն ունի շերտավոր կառուցվածք, տրամագիծը 5-55 մմ է, երբեմն՝ ավելի քան 7 սմ։ Մինչև 20 մմ տրամագծի դեպքում կարկուտը համարվում է օդերևութաբանական վտանգավոր երևույթ, 20 մմ-ից ավելիի դեպքում՝ խիստ վտանգավոր։

Կարկուտն առաջանում է, երբ երկրի մակերեսից բարձրացող օդային ուժեղ հոսանքների ազդեցության տակ գերսառեցված ամպերում տեղի է ունենում ջրի կաթիլների արագ սառեցում և սառցապատում: Կարկտաբեր ամպեր հիմնականում ձևավորվում են լեռնային գոտիներում: Այս տեսանկյունից Հայաստանը համարվում է աշխարհի կարկտավտանգ տարածքներից մեկը: Տարվա ընթացքում կարկուտով օրերի առավելագույն թիվը Տաշիրում կազմում է 19 օր, Արագածոտնում՝ 9 օր, Երևանում՝ 7 օր: Ընդհանուր առմամբ, ՀՀ բոլոր մարզերն էլ ենթակա են ու ենթարկվում են կարկտահարության:

Կարկտահարության հասցրած վնասը կախված է կարկուտի չափից: Հաճախակի վտանգ են ներկայացնում 10-15 մմ տրամագիծ ունեցող կարկտահատիկները, իսկ 30-40 մմ և ավելի խոշորները ոչնչացնում են ցանքատարածքները, կոտրում տների տանիքներն ու ապակիները, վիրավորում տնային կենդանիներին ու թռչուններին: Հազվագյուտ դեպքերում պատահում են 100-200 գ կշիռ ունեցող, հավի ձվի մեծության կարկտագնդեր, որոնք մահացու հարվածներ են հասցնում մարդկանց և կենդանիներին: Կարկուտն ամենամեծ վնասը հասցնում է գյուղատնտեսությանը, հատկապես՝ խաղողագործությանը, պտղաբուծությանը և բանջարաբուծությանը:

Բարեբախտաբար, Հայաստանում ավելի հաճախ տեղում են մանր, ինտենսիվ կարկուտներ: Մեր երկրում կարկտահարության հետևանքով ոչնչանում է բուսաբուծական բերքի մոտ 4-5%-ը, որը գնահատվում է տարեկան շուրջ 16-20 մլրդ դրամ: Կարկտահարության պատճառած միջին տարեկան վնասները մեծ ծավալների են հասնում հատկապես Արարատյան և Շիրակի հարթավայրերում ու դրանց հարակից տարածքներում. ոչնչանում է բուսաբուծական բերքի 7-8%-ը, որը գնահատվում է շուրջ 12-14 մլրդ դրամ:

Ողջ աշխարհում մշակվել և փորձարկվել են հակակարկտային մի շարք միջոցառումներ՝ կարկտային ամպերի վրա ազդանյութերով ակտիվ ներգործության եղանակներ (ավիացիոն, հրթիռային, գազագեներատորային և այլն), գյուղատնտեսական մշակաբույսերը կարկուտից պաշտպանելու տարբեր մեթոդներ (օրինակ՝ բույսերի պաշտպանություն մետաղական կամ պոլիմերային ցանցերի միջոցով):

Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: