Հանրագիտարան

Երբ երկրաշարժի ժամանակ փակ տարածքում եք...

Երկրաշարժը հիմնականում հանկարծակիի է բերում մարդկանց, ուստի երկրաշարժի պահին աշխատեք խուճապի չմատնվել, մի´ բղավեք, մի´ աղաղակեք, աշխատեք չկորցնել ինքնատիրապետումը, պահպանեք հանգստություն և Ձեր վարքով մի՛ ապակողմնորոշեք շրջապատող մարդկանց:
  • Նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում: Գյումրիի ավերածությունների (9 բալ) վերլուծությունը ցույց տվեց, որ 10 հարկանի շենքերն սկսել են փլվել առաջին ցնցումից 10-12 վայրկյան հետո: Տվյալ ժամանակամիջոցում հնարավոր է որոշակի գործողություններ իրականացնել:
  • Ծերերը, երեխաները, հիվանդներն աղետային իրավիճակներում առավել խոցելի են և օգնության կարիք ունեն: Նրանց վրա Ձեր ուշադրությունը կենտրոնացնելով և նրանց կարիքները հոգալով՝ կշեղեք Ձեր ուշադրությունը տագնապային մտքերից, կգործեք առավել հավասարակշռված:
  • Հիշե´ք՝ Ձեզ որոնում են, և Ձեր փրկության համար կօգտագործվեն բոլոր հնարավոր ուղիները:

Երբ երկրաշարժի ժամանակ շենքում եք, ապա՝ 

  • Եթե բարձրահարկ շենքի 1-ին կամ 2-րդ հարկում եք, ապա աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից, հեռացեք դեպի բաց տարածություն:
  • Եթե գտնվում եք բարձրահարկ շենքի 3-րդ կամ ավելի բարձր հարկերում, ապա շենքից դուրս մի՛ եկեք, մի´ նետվեք դեպի աստիճաններն ու վերելակը. դրանք կարող են խցանված լինել խուճապահար մարդկանցով: Բացի այդ, աստիճաններն ու աստիճանահարթակները սովորաբար փլվում են: Մի՛ օգտվեք վերելակից, որովհետև տվյալ իրավիճակում շենքն ամեն մի պահ կարող է հոսանքազրկվել, և Դուք կարող եք մնալ վերելակում:
  • 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ փրկվել էին բարձրահարկ շենքերի վերին հարկերում բնակվող այն մարդիկ, որոնք բարձրացել էին շենքի հարթ տանիք և փլուզվող շենքի հետ «իջել»: Այս դառը փորձը ևս որոշ դեպքերում կարելի է օգտագործել:
  • Չմոլորվեք, եթե անջատվի էլեկտրականությունը կամ միանան տագնապ հայտարարող սարքավորումների ազդանշանները: Պատրաստ եղեք լսելու զրնգացող կամ կոտրվող ամանեղենի, փշրվող ապակիների, պատերի ճեղքվելու, վայր ընկնող առարկաների աղմուկը, խուճապահար մարդկանց բղավոցները:
  • Եթե մնացել եք շենքում, կանգնեք շենքի միջին մասի հիմնական կրող պատերի, դրանցով կազմված անկյունների, նշված պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ, պայուսակ, հաստ գիրք կամ նմանատիպ այլ իր վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար: Ձեռքի տակ վերոնշյալ առարկաները չունենալու պարագայում Ձեր գլուխը ծածկեք ձեռքերով: Կարելի է նաև մտնել մոտակայքում գտնվող ճաշասեղանի, գրասեղանի կամ մահճակալի տակ, ժամանակավորապես տեղավորվել մեծ սառնարանի, մետաղյա չհրկիզվող պահարանի կողքին:
  • Հեռու մնացեք շենքերի արտաքին պատերից ու պատուհաններից: Դրանք փլվում են առաջին հերթին, և կարող եք վնասվել փշրվող, թափվող առարկաներից:
  • Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից, սառնարաններից, որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել:
  • Արթնացրեք տան քնած անդամներին և տեղափոխեք անվտանգ վայր:
  • Դուրս մի՛ եկեք պատշգամբ. այն կարող է փլվել: Կանգնեցրեք նրանց, ովքեր ցանկանում են ցած նետվել առաջին հարկից բարձր գտնվող պատշգամբներից և պատուհաններից:
  • Պատրաստ եղեք նոր ցնցումների: Առաջին ուժեղ ցնցումից հետո կարող է ժամանակավոր անդորր տիրել, իսկ այնուհետև կարող է դիտվել հետցնցումների շարք: Հետցնցումները կարող են դիտվել մի քանի րոպեի, մի քանի ժամվա, նույնիսկ հաջորդող մի քանի օրերի ընթացքում: Հետցնցումները կարող են առաջացնել գլխավոր ցնցումից արդեն վնասված կառույցների փլուզում:
  • Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից նախապես որոշված ճանապարհով:
  • Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել: Զգալով անխուսափելի փոշեհամը՝ Ձեր բերանն ու քիթը փակեք թաշկինակով, գլխաշորով, հագուստից պոկված կամ այլ կտորով:
  • Բնակարանից դուրս գալիս շարժվեք՝ պատերին թիկունքով հենված:
  • Շենքից դուրս գալիս զգուշացեք ընկնող բեկորներից, կոտրատված ապակիներից, կտրված և կախված էլեկտրալարերից:

Եթե արթնացել եք ստորերկրյա ցնցումներից, ապա՝

  • Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից, չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել): Օգտվեք միայն գրպանի լապտերից:
  • Հագնվելու վրա ժամանակ մի´ վատնեք: Արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը և գործեք երկրաշարժի ժամանակ շենքում գտնվելու վարքականոնների համաձայն:
Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն
Նկարը՝ Ինչպե՞ս վարվել արտակարգ իրավիճակներում (ուղեցույց)
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: