Հանրագիտարան

Ի՞նչ անել տանը երկրաշարժից հետո

Ավերիչ երկրաշարժերից հետո առաջին օրերին կիսաքանդ կամ ավերված շենքում չի կարելի մնալ: Պետք է իմանալ, որ երկրաշարժն ուղեկցվում է հետցնցումներով, որոնք յուրաքանչյուր պահի կարող են շենքը հիմնովին քանդել:

Եթե, այնուամենայնիվ, երկրաշարժից հետո որոշել եք ապրել Ձեր տանը, ապա՝

  • Ցանկալի է այդպես վարվել մասնագետ շինարարի հաստատած եզրակացությունից հետո:
  • Ստուգեք՝ չկա՞ արդյոք գազի արտահոսք: Սենյակում գազի հոտ զգալիս լուցկի կամ գազայրիչ մի՛ վառեք, մի՛ ծխեք, քանի որ դա պայթյուն կառաջացնի: Անջատեք գազամատակարարման սարքերն ու գազածորակները: Եթե Ձեզ լուսավորություն է անհրաժեշտ, օգտվեք գրպանի լապտերից:
  • Ստուգեք՝ վնասված չե՞ն արդյոք էլեկտրահաղորդալարերը: Մի՛ դիպչեք էլեկտրահաղորդման գծերին, կտրված էլեկտրահաղորդալարերին և դրանց հետ առնչվող առարկաներին:
  • Ստուգեք՝ վնասված չե՞ն արդյոք վառարաններն ու ծխնելույզները, կրակ մի՛ վառեք, եթե դրանք վնասված են:
  • Ստուգեք՝ կոյուղին գործու՞մ է, թե՞ ոչ:
  • Հետևեք՝ արդյո՞ք հետցնցումներից պատերի վրա չեն առաջացել նոր ճեղքեր:
  • Ուշադիր զննեք բնակարանը՝ արդյոք չե՞ն թափվել վտանգավոր հեղուկները: Փորձեք մեկուսացնել թափված կամ ցրիվ եկած վտանգավոր նյութերը (քիմիկատներ, բենզին, նավթ):
  • Զգուշորեն բացեք պահարանների և խորդանոցի դռները, որպեսզի ծանր առարկաներ չընկնեն Ձեզ վրա:
  • Ապահովության համար հագեք հաստ ներբաններով կոշիկներ (կոտրված ապակիներից, սուր բեկորներից վնասվածքներ չստանալու համար), երկարաթև հագուստ, ձեռնոցներ:
  • Եթե էլեկտրականությունն անջատվել է, ապա առաջնահերթ օգտագործեք սառնարանում եղած մթերքը, քանի դեռ չի փչացել, ապա անցեք պահածոյացված և չորացրած մթերքին:
  • Խմելուց առաջ պարտադիր եռացրեք ջուրը համաճարակի հնարավոր վտանգից խուսափելու համար:

Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: