Հանրագիտարան

Ի՞նչ անել սեփական անվտանգության համար

Նախքան երկրաշարժը ծառայողական և բնակելի շենքերում Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝
  • սովորեք, թե ինչպես են անջատվում հոսանքը, ջուրը և գազը,
  • սովորեք օգտվել կրակմարիչից,
  • կահույքը, հաստոցներն ու սարքերը հուսալիորեն ամրացրեք հատակին ու պատերին,
  • ծանր առարկաներն իջեցրեք վերևի դարակներից և դրեք հատակին կամ տեղադրեք ստորին դարակաշարերի վրա,
  • վտանգավոր նյութերի (դյուրավառ հեղուկներ, թունավոր նյութեր) անոթները հուսալիորեն ամրացրեք, ստուգեք տարաների կափարիչների, խցանների հուսալիությունը,
  • խտացված գազով լի գլանոթը, գազօջախը և ջրատաքացուցիչը մետաղագամերով հուսալիորեն ամրացրեք պատին,
  • կախովի իրերը և լուսավորող սարքերը հուսալիորեն ամրացրեք առաստաղին,
  • մահճակալները տեղադրեք կրող պատի մոտ՝ պատուհաններից, ապակե միջնապատերից հեռու: Չի՛ կարելի մահճակալի վերևում կախել գրադարակներ, ծանր շրջանակներով նկարներ, հայելիներ:

Ձեր իսկ անվտանգության համար անհրաժեշտ է՝

  • Նախապես մշակել հնարավոր երկրաշարժի ժամանակ Ձեր գործելակերպը, ինչը կօգնի Ձեզ երկրաշարժի պահին խուսափել խուճապային իրավիճակներից և ճիշտ գործել:
  • Իմանալ/որոշել տան կամ աշխատավայրի ամենաանվտանգ տեղերը, որտեղ կարելի է պատսպարվել ցնցումների ժամանակ: Ձեր ընտանիքի անդամներին և աշխատակիցներին ծանոթացնել դրանց:
  • Նախապես որոշել շենքից դուրս գալու և դեպի բաց տարածություն հեռանալու ամենաանվտանգ տեղերը, պայմանավորվել ընտանիքի անդամների հետ (եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք բնակավայրի տարբեր մասերում), թե որտեղ պիտի հանդիպեք տարհանման ժամանակ:
  • Տիրապետել և ընտանիքի անդամներին սովորեցնել առաջին օգնության ձևերը:
  • Տանը՝ մուտքի մոտ, պահել առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ, որի մեջ պետք է լինեն՝
  1. առաջին օգնության դեղարկղիկ (դեղորայք, վիրակապական նյութեր),
  2. մարտկոցով ռադիոընդունիչ,
  3. գրպանի լապտեր և թարմ մարտկոցներ,
  4. կարևոր փաստաթղթեր, կանխիկ գումար,
  5. տաք հագուստ,
  6. ծածկոց, քնապարկ,
  7. պահածոյացված սնունդ, պահածոների բացիչ,
  8. խմելու ջրով լի տարա:

Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: