Հանրագիտարան

Կենդանիների անսովոր վարքը երկրաշարժից առաջ

Առանձնացվում է ավելի քան 70 տեսակի կենդանի (օրինակ՝ շները, կատուները, ճագարները, խոզերը, կովերը, առնետները), որոնց անսովոր վարքը կարելի է համարել երկրաշարժի նախանշան:

Կենդանիների անսովոր վարքը սովորաբար դիտվում է երկրաշարժից մի քանի օր առաջ, երբ երկրաշարժի մագնիտուդը մեծ է 3,5-ից, օջախի խորությունը մինչև 150 կմ է, հեռավորությունն էպիկենտրոնից՝ մինչև 200 կմ:

Գյուղաբնակները, անասնապահները և անասնաբույժները նշում են, որ երկրաշարժից առաջ կովերը, նախազգալով ստորգետնյա ցնցումները, անհանգիստ են դառնում, հրաժարվում կերից, բարձր բառաչում: 1976թ. Տյանշանի երկրաշարժից 3 շաբաթ  առաջ (էպիկենտրոնից 100-110 կմ հեռավորության վրա) շներն սկսել են անհանգստություն ցուցաբերել, հրաժարվել են կերից, թողել իրենց բները, վերցրել ձագերին և հեռացել:

Երկրաշարժից առաջ նմանօրինակ վարք նկատվում է մի շարք ընտանի թռչունների մոտ: Բադերը ջրից դուրս են գալիս և կարող են քնել անսովոր տեղերում: Սագերի մոտ գրգռվածություն է նկատվում. վզերն առաջ ձգած՝ մարտական դիրք են ընդունում, թևերը բացած, փորձում են թռչել, բարձրաձայն կռնչում են, հրաժարվում թռչնանոց մտնել: 1985թ. Տոկիոյի երկրաշարժից դեռևս 10 օր առաջ էպիկենտրոնին մոտ շրջաններում հավերն ու աքաղաղներն անհանգիստ են դարձել՝ հրաժարվելով հավաբուն մտնել և փորձելով թռչել բարձր տեղեր:

Երկրաշարժից առաջ գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների առափնյա մասերում հայտնվում են անծանոթ, տվյալ տարածքներին ոչ բնորոշ ձկնատեսակներ: Երբեմն էլ անհետանում են որոշ հայտնի ձկնատեսակներ, որոնք մինչ այդ ապրել են տվյալ տարածքների ջրերում: Կանխազգալով մոտալուտ երկրաշարժը՝ ձկները վտառներով հախուռն մոտենում են ափին և երբեմն դուրս ցատկում ջրից:

Հողի տակ բուն դնող կենդանիների անսպասելի զանգվածային տեղաշարժերը, օձերի և մողեսների՝ բներից դուրս գալն ու ձյան վրա սառչելը բնորոշվում են որպես մոտալուտ աղետի նախանշան: Ականատեսները պատմում են, որ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից 20-30 րոպե առաջ առնետները հսկայական խմբերով լքել են Լենինականի մսի-պահածոների կոմբինատի տարածքը:

Ստորգետնյա ցնցումները կանխազգող միջատներից ամենազգայունը մրջյուններն են: Մրջյունների այս հատկությունը հայտնի է մարդկությանը դեռևս հնագույն ժամանակներից: Չինական պատմական աղբյուրները վկայում են, որ երկրաշարժից առաջ մրջյունները զանգվածաբար, հոծ պարանի տեսքով լքում են մրջնանոցները:

Կենդանաբանական այգիներում գտնվող վայրի կենդանիների որոշ տեսակներ ևս երկրաշարժից առաջ անսովոր վարք են ցուցաբերում: Հարավսլավիայի Սկոպլե քաղաքի կենդանաբանական այգու պահակները պատմում են, որ 1963թ. երկրաշարժի նախօրեին՝ գիշերը, կենդանիներն այնպիսի աղմուկ են բարձրացրել, որ նման «կենդանի համերգի» դեռևս ոչ ոք ականատես չէր եղել:

Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: