Հանրագիտարան

Երկրաշարժի նախանշանները

Այն բնութագրերը, որոնց արժեքները կանոնավոր կերպով փոփոխվում են երկրաշարժերից առաջ, կոչվում են նախանշաններ: Հարկ է նշել, որ երբեմն փոփոխություններ դիտվում են, բայց երկրաշարժ տեղի չի ունենում, երբեմն էլ երկրաշարժ լինում է, թեև փոփոխություններ չկան: Ստորև ներկայացված են երկրաշարժի որոշ նախանշաններ:

Սեյսմիկություն

Տարբեր մագնիտուդի երկրաշարժերի տեղակայումը և քանակը կարող են ծառայել իբրև ուժեղ երկրաշարժի կարևոր բնութագրիչներ: Օրինակ՝ ուժեղ երկրաշարժին հաճախ նախորդում է թույլ ցնցումների շարք:

Երկրակեղևի շարժումները

Երկրաշարժերից առաջ երկրի մակերևույթին գրանցվում են փոփոխություններ՝ երկրակեղևի ձևախախտումներ (դեֆորմացիաներ):

Երկրակեղևի հատվածների իջեցում և բարձրացում

Երկրի մակերևույթի ուղղաձիգ շարժումները կարելի է չափել ցամաքի վրա կամ ծովում ծովաչափերով: Ծովաչափերի միջոցով գրանցում են ծովի մակարդակի դիրքը: Երբ գրանցվում են ջրի միջին մակարդակի երկարատև փոփոխություններ, ապա դրանք մեկնաբանվում են որպես ցամաքի բարձրացումներ կամ իջեցումներ:

Երկրի մակերևույթի թեքումներ

Երկրի մակերևույթի թեքման անկյան փոփոխությունները չափելու համար օգտագործվում են շատ զգայուն սարքեր՝ թեքումաչափեր: Այդ չափումները ցույց են տալիս թեքումների փոփոխությունները թույլ երկրաշարժերից անմիջապես առաջ:

Ջրի մակարդակը ջրհորներում և հորատանցքերում

Երկրաշարժերից առաջ ստորգետնյա ջրերի մակարդակը հաճախ բարձրանում է կամ իջնում: Հորատանցքերի ջուրը կարող է տատանվել սեյսմիկ ալիքների անցման ժամանակ, նույնիսկ, եթե հորատանցքը գտնվում է էպիկենտրոնից հեռու:

Երկրի մագնիսական դաշտը

Լեռնային ապարների ձևախախտումների և երկրակեղևի  շարժումների հետևանքով երկրի մագնիսական դաշտը կարող է ունենալ լոկալ փոփոխություններ, որոնք չափում են հատուկ բարձր ճշգրտության սարքերով՝ մագնիսաչափերով: 

Ռադոնի պարունակությունն ստորերկրյա ջրերում

Ռադոնը ռադիոակտիվ գազ է, որը մտնում է գրունտային և ստորերկրյա ճնշումային ջրերի բաղադրության մեջ և մշտապես դուրս է գալիս երկրակեղևից մթնոլորտ: Ջրում ռադոնի բաղադրության փոփոխությունները նախորդում են երկրաշարժերին: Օրինակ՝ 1966թ. Տաշքենդի երկրաշարժից առաջ խորը հորատանցքերի ջրում դիտվել է տասը տարի շարունակ գրանցված լուծված ռադոնի մեծ քանակության նվազում:

Կենդանիների անսովոր վարքը

Հայտնի է ավելի քան 70 տեսակի կենդանի (օրինակ՝ շները, կատուները, կովերը, խոզերը, ճագարները, առնետները), որոնց անսովոր վարքը կարելի է համարել երկրաշարժի նախանշան:

Աղբյուրը՝  «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: