Հանրագիտարան

Երկրաշարժի ուժգնության 12 բալանոց սանդղակ

Սկսած 18-րդ դարից՝ երկրաշարժերի ուժգնության որակական գնահատման նպատակով առաջարկվել են տարբեր երկրներում ստեղծված բազմաթիվ սանդղակներ։

Ներկայումս լայն կիրառություն ունեցող և ամենակատարելագործված տարբերակը 12 բալանոց MSK-64 սանդղակն է, որն այդպես է անվանվել այն ստեղծողների անունների սկզբնատառերով (Մեդվեդև, Շպոնհոյեր, Կառնիկ), իսկ 64-ը սանդղակի ստեղծման տարեթիվն է: Ստորև ներկայացված է 12 բալանոց MSK-64 սանդղակի պարզեցված տարբերակը:

1 բալ- Ցնցումները գրանցում են միայն սեյսմոգրաֆները. մարդիկ դրանք չեն զգում:

2 բալ- Զգում են շատ քչերը, եթե գտնվում են բարձրահարկ շենքերում, հանգիստ վիճակում:

3 բալ- Զգում են նրանք, ովքեր գտնվում են շինություններում, հատկապես՝ վերին հարկերում: Դրսում գտնվողների մեծամասնությունն այն որպես երկրաշարժ չի ընկալում: Նկատվում է տատանում և առարկաների թույլ ճոճում:

4 բալ- Շենքի ներսում զգում են գրեթե բոլորը, դրսում՝ քչերը: Գիշերը ոմանք արթնանում են, ամանեղենը զրնգում է: Լսվում է պատուհանների և դռների դռռոց: Կահույքը ցնցվում է, կախված առարկաները նկատելիորեն ճոճվում են:

5 բալ- Զգում են բոլորը, շենքերը ցնցվում են ամբողջությամբ: Գիշերը շատերն են արթնանում, ամանեղենի մի մասը և պատուհանների ապակիները կոտրվում են, պատերի մեջ տեղ-տեղ ճաքեր են առաջանում: Կախված առարկաները, օրինակ՝ ջահերը, ուժեղ ճոճվում են:

6 բալ- Զգում են բոլորը, ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսում: Շատերը վախից դուրս են վազում: Չամրացված կահույքը տեղաշարժվում է: Որոշ տեղերում պատերի ծեփը թափվում է: Ծխնելույզները թեքվում են: Ավերածությունը քիչ է:

7 բալ- Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները քիչ են, տիպային լավ կառույցներում՝  թույլից չափավոր, վատ նախագծված  կամ վատ կառուցված շինություններում՝ զգալի: Շենքերի ծխնելույզները շարքից դուրս են գալիս:

8 բալ- Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները թեթևակի են, տիպայինում՝ նշանակալի, վատ նախագծված կառույցներում տեղի են ունենում ավերածություններ: Թեքվում և ընկնում են վառարանային և գործարանային ծխնելույզները, սյուները և հուշարձանները: Հորատանցքերում և ջրհորներում փոխվում է ջրի մակարդակը, երկրի մակերեսի վրա երբեմն առաջանում են ճեղքեր:

9 բալ- Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները լուրջ են, մյուսներում նկատվում են զանգվածային փլուզումներ: Երկրի մակերեսին առաջանում են բազմաթիվ ճեղքեր:

10 բալ- Երկրի մակերեսին առաջացած ճեղքերի լայնությունը հասնում է մինչև 1 մետրի: Ավերվում է նույնիսկ լավ կառուցված քարե և փայտե տների մեծամասնությունը: Ծռվում են երկաթգծի ռելսերը, գետերի ափերի և սարալանջերի հողն սկսում է սահել:

11 բալ- Կանգուն են մնում միայն շատ քիչ երկաթբետոնե կառույցներ, փլվում են կամուրջները: Երկրի մակերեսին առաջանում են բազմաթիվ ճեղքեր: Փլուզումները համատարած են:

12 բալ- Շինությունները հիմնահատակ կործանվում են: Երկրի մակերեսին առաջանում են լայն և երկար ճեղքեր: Գետերը փոխում են հուները, փլուզվում են լեռները, լեռնալանջերին առաջանում են բազմաթիվ սողանքներ, որոնց հետևանքով երբեմն առաջանում են արհեստական լճեր:

Աղբյուրը՝  «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: