Հանրագիտարան

Երկրաշարժի մագնիտուդ և ուժգնություն

Մագնիտուդը երկրաշարժի ժամանակ սեյսմիկ ալիքների տեսքով անջատվող էներգիան բնութագրող մեծությունն է։ «Մագնիտուդ» հասկացությունը 1935թ. առաջարկել է գիտնական Չարլզ Ռիխտերը:

Նա նաև մշակել է երկրաշարժերի մագնիտուդների սանդղակ, որն այժմ կրում է «Ռիխտերի սանդղակ» անվանումը: Այն պարունակում է 1-ից մինչև 9 պայմանական միավոր՝ մագնիտուդ, որոնք հաշվվում են հատուկ սարքերի՝ երկրաշարժագրիչների (սեյսմոգրաֆներ) արձանագրած տատանումներով։

Ռիխտերի սանդղակի ամենաբարձր աստիճանը համապատասխանում է 9 մագնիտուդի, որի էներգիայի մեծությունը կարելի է համեմատել ջրածնային ռումբի պայթյունից անջատված էներգիայի հետ:

Երկրաշարժի ուժգնությունը (ինտենսիվություն) որոշվում է ստորերկրյա ցնցումների հետևանքով առաջացած ավերածությունների և վնասվածքների աստիճանով: Որքան հեռու է տեղանքը էպիկենտրոնից, այնքան տվյալ վայրում փոքր է երկրաշարժի ուժգնությունը:

Նույն մագնիտուդի երկրաշարժերը կարող են երկրի մակերեսին առաջացնել տարբեր ուժգնության ցնցումներ՝ ամենաուժեղից (էպիկենտրոնի տարածքում) մինչև ամենաթույլը (էպիկենտրոնից մեծ հեռավորության վրա):

Հետևաբար, երկրաշարժի ուժգնությունը երկրի մակերեսի տվյալ շրջանում հիմնականում կախված է մագնիտուդից, այսինքն՝ անջատված էներգիայի մեծությունից, օջախի խորությունից և էպիկենտրոնից ունեցած հեռավորությունից:

Ուժգնության և մագնիտուդի կապը, կախված օջախի խորությունից, դիտարկենք Սպիտակի երկրաշարժի օրինակով: Սպիտակի երկրաշարժի մագնիտուդը եղել է մոտավորապես 7, օջախը գտնվել է մոտ 9-10 կմ խորության վրա, էպիկենտրոնում այն առաջ է բերել 9-10 բալ ուժգնությամբ ցնցումներ:

Աղբյուրը՝  «Արտակարգ» լրատվական կենտրոն

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: