Հանրագիտարան

Երեխաների տոն (Ճապոնիա)

Մայիսի 5-ին Ճապոնիայում նշվում է Երեխաների տոնը՝ «Կոդոմո-նո հի»-ն, որը պաշտոնական տոնի կարգավիճակ է ստացել 1948 թվականին: Նախապես այն կոչվել է Տղաների տոն՝ «Տանգո-նո սեկու»:
Տոնն ունեցել է մեկ այլ անվանում ևս՝ «Սյոբու-նո սեկու» (Հիրիկի տոն): Անվանումն սկսել են կիրառել Նարա ժամանակաշրջանում. այդ դարաշրջանում ծաղկող հիրիկները համարվել են հաջողության և առողջության խորհրդանիշ:
 
Տոնին մասնակցել են մինչև 15 տարեկան տղաները: Ներկայումս այն անվանում են պարզապես Երեխաների տոն: Մեր օրերի Ճապոնիայում տոնական օրն ընդունված է գետածածանի (ձկնատեսակ) պատկերներով պաստառներ՝ «կոի-նոբորի»-ներ պատրաստել:
 
Գետածածանը համարվում է «կյանքով լի» ձուկ, որը կարող է բնակվել ոչ միայն հոսող մաքուր ջրում, այլև արհեստական լճակներում և ճահճանման վայրերում: Լեգենդը վկայում է՝ երբ գետածածանը լողում էր հակառակ գետի ուժգին հոսանքին, որը կոչվում էր «վիշապային հորձանուտ», վերածվում է վիշապի և սլանում երկինքը:
 
Այդ իսկ պատճառով էլ գետածածանը խորհրդանշում է տղաներին ուղղված մաղթանքը, որով ցանկանում են նրանց հասունանալ և վերածվել դժվարությունները հաղթահարող և վայելչակազմ տղամարդու:
 
Տոնին ճապոնացիները պատրաստում են հատուկ կերակրատեսակներ՝ տիմակի-սուսի՝ բրնձե գնդիկներ, որոնք փաթաթված են հիրիկի կամ հնդկեղեգի (бамбук) տերևներով, բրնձե բլիթներ՝ կասիվա-մոտի՝ փաթաթված կաղնու տերևներով, ինչպես նաև բրինձ՝ եփած կարմիր բակլայով (սեկիհան):
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: