Հանրագիտարան

Սբ. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր

Սբ. Իգնատիոս Անտիոքացին կոչվել է նաև «Աստվածազգյաց», քանզի ըստ ավանդության՝ նա այն երջանիկ մանուկն էր, ում Հիսուս Քրիստոսը գրկեց և իր առաքյալներին պատգամեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. ԺԸ 3):

Եղել է Պետրոս և Հովհաննես առաքյալների աշակերտը, ինչպես նաև Անտիոքի երկրորդ եպիսկոպոսը և մեծ հեղինակություն վայելել Արևելքում:

 

Տրայանոս կայսեր հրահրած քրիստոնեական հալածանքների ժամանակ ձերբակալվել է և հռոմեական զինվորների ուղեկցությամբ տարվել Հռոմ, ուր նահատակվել է մոտ 113-117 թվականներին՝ ինքնակամ նետվելով առյուծների առաջ:

 

Գրել է բազմաթիվ նամակներ`   ուղղված քրիստոնեական տարբեր համայնքների, որոնցից պահպանվել են 7-ը: Սբ. Ադդե Հայրապետը (Ա դ.) եղել է Եդեսիայի եպիսկոպոսը, ում ձեռնադրել է Թադեոս առաքյալը: Նահատակվել է հեթանոս թագավորի հրամանով Ա դարի երկրորդ քառորդում:

 

Սբ. Մարութան եղել է Չորրորդ Հայքի Նփրկերտ քաղաքի եպիսկոպոսը: Նրա հայրն ասորի էր, մայրը`   հայ: Մեծ հեղինակություն է վայելել Պարսկաստանում և Բյուզանդիայում: Մասնակցել է 381 թվականի Կ. Պոլսի երկրորդ Տիեզերաժողովին:

 

Իբրև Թեոդոս կայսեր բանագնաց երկու անգամ գնացել է պարսից Հազկերտ արքայի մոտ քրիստոնյաների դեմ հալածանքները դադարացնելու համար: Վախճանվել է 422 թվականին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: