Հանրագիտարան

Հայ ժողովրդի ծագման հարցը պատմագիտության մեջ (մաս 3)

1980-ական թվականների սկզբներին վերարծարծվեց դեռևս դարասկզբին հայտնված տեսակետն այն մասին, որ հնդեվրոպական նախահայրենիքը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում գտնվել է Առաջավոր Ասիայի հյուսիսում, ավելի որոշակի`   Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայի արևելյան շրջաններում, Հյուսիսային Միջագետքում և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքում:

Այս տեսակետը գնալով ավելի ամրապնդվում է նոր ի հայտ եկող փաստերով և այսօր ընդունվում է մասնագետների մեծ մասի կողմից: Հայ ժողովրդի ծագման հարցը այս տեսությամբ ստացավ նոր բացատրություն: Ինքստինքյան հերքվեց հայերի եկվորության հարցը, քանի որ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է հենց այն տարածքում, ուր կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը:  

Ներկայումս հստակորեն կարելի է ասել, որ հայերը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում կազմել են հնդեվրոպական մայր ժողովրդի մի մասը և 4-րդ հազարամյակի վերջին ու 3-րդի սկզբներին առանձնացել են հնդեվրոպական ընդհանրությունից: Այդ ժամանակաշրջանից էլ սկսվել է հայ ժողովրդի կազմավորումը, որն ընթացել է երկու փուլով:

Առաջինը, որ կարելի է բնութագրել որպես ցեղային միությունների և վաղ պետական կազմավորումների ժամանակաշրջան, տեղի է ունեցել Ք.ա. 3-2-րդ հազարամյակներում: Երկրորդ փուլում, շնորհիվ միասնական պետականության ստեղծման, Ք.ա. VI - V դարերում ավարտվել է հայ ժողովրդի կազմավորման ընթացքը:

Կարելի է պնդել, որ հայերենն ու նրանով խոսողները հնդեվրոպական ընդհանրությունից անջատվել և ինքնուրույն են դարձել Ք.ա. 4-3-րդ հազարամյակների սահմանում: Հենց այդ ժամանակներից էլ մեր ժողովուրդը հիշատակվում է Հայկական լեռնաշխարհում, ուր գործել, գոյատևել ու կերտել է իր պատմությունը:

Աղբյուրը՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ (www.historyofarmenia.am)

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: