Հանրագիտարան

Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը. Հայկական ավանդություն

Հայագիտության մեջ առավել արծարծված խնդիրներից մեկը եղել և մնում է հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցը, որը մի շարք կետերում ցայսօր վիճահարույց է:

Հայերի ծագման վերաբերյալ հին ու միջին դարերում գրի են առնվել մի շարք ավանդություններ, որոնցից հայագիտության տեսանկյունից (որպես սկզբնաղբյուրային արժեք ունեցողներ) առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում հայկականը, հունականը, հին եբրայականը, վրացականը և արաբականը:

Ստեղծվել է դեռևս վաղընջական ժամանակներում և մեզ հասել Մովսես Խորենացու գրառմամբ: Ավանդության առանձին դրվագներ հիշատակվում են նաև միջնադարի այլ հայ մատենագիրների երկերում: Ավանդության մեջ որոշակիորեն կարելի է առանձնացնել երկու շերտ:

Առաջին`   հնագույն շերտը ստեղծվել և գոյություն է ունեցել նախաքրիստոնեական ժամանակներում: Հնավանդ զրույցի համաձայն՝ հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին արարչագործ աստվածների հսկա որդիներից էր:

Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախնու ծագումը Մովսես Խորենացին. «Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը... Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը»:

Քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավանդությունը ենթարկվում է ձևափոխության`   հարմարեցվելով Աստվածաշնչի պատկերացումներին, որոնց համաձայն համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից (Հաբեթ, Քամ և Սեմ): 

Ըստ ավանդության նորացված, քրիստոնեացված տարբերակի՝ Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին, այդտեղից էլ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «Թորգոմյան ազգ» անվանումները:
 
Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է Միջագետքի բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, և ի նշանավորումն դրա՝ այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը (ըստ ականավոր հայագետ Ղևոնդ Ալիշանի հաշվարկի`   Բուն Հայոց թվականի սկզբնավորումը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին):
 
Հայկական ավանդության համաձայն Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց «հայ» և երկիրը`   «Հայաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի «Արմենիա» և հայերի «արմեն» անվանումները:
 
Ըստ նույն ավանդության՝ Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ (Հայկից`   Հայկաշեն, Արամանյակից`   Արագած լեռ և Արագածոտն գավառ, Արամայիսից`   Արմավիր, Երաստից`   Երասխ (Արաքս), Շարայից`   Շիրակ, Ամասիայից`   Մասիս, Գեղամից`   Գեղարքունիք և Գեղարքունյաց ծով, Սիսակից`   Սիսական (Սյունիք), Արա Գեղեցիկից`   Այրարատ և այլն):
 
Աղբյուրը՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ (www.historyofarmenia.am)
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: