Հանրագիտարան

Հայկական լեռնաշխարհի բնական ռեսուրսները. ընդերք

Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ ընդերք: Անհիշելի ժամանակներից շահագործվել են Կողբի, Կաղզվանի և Նախճավանի աղահանքերը: Աղի նշանակալի հանքեր կային Աղձնիքում, Տուրուբերանում, Վասպուրականում: Աղահանքերով հարուստ է նաև Փոքր Հայքի տարածքը:

Աղի մեծ պաշարներ են հայտնաբերվել Երևանի տարածքում (Ավան): Վաղնջական ժամանակներից Հայկական լեռնաշխարհը հռչակված է իր մետաղային հանքերով և համարվում է մետաղագործության համաշխարհային հնագույն կենտրոններից մեկը: Բավական է նշել Մեծամորի մետաղաձուլական համալիրը Արարատյան դաշտում, որ գոյություն է ունեցել դեռ Ք.ա. 4-րդ հազարամյակում: 

 
Լեռնաշխարհի տարբեր շրջաններում հանդիպում են պղնձի, երկաթի, կապարի, զառիկի հանքեր: Հայտնի են Գուգարքի և Սյունիքի պղձահանքերը: Պղնձով աչքի է ընկել նաև Աղձնիքը: Երկաթ հանդիպում է Հայաստանի նահանգների մեծ մասում, բայց հատկապես նշանավոր էին Աղձնիքի և Տուրուբերանի հանքերը, որոնք շահագործվել են հնագույն ժամանակներից:
 
 Երկաթի առատության շնորհիվ Տավրոսի լեռնային որոշ գավառների (Տալվորիկ, Խութ, Շենաձոր և այլն) բնակչության հիմնական զբաղմունքը եղել է դարբնությունն ու զինագործությունը: Ազնիվ մետաղներից հանդիպում են արծաթ և ոսկի: Արծաթահանքերով աչքի են ընկնում մասնավորապես Բարձր Հայքը, Ծոփքը, Արցախըև այլն: 
 
Հնուց հռչակված են եղել Սպերի ոսկու հանքերը: Ոսկով հարուստ էր նաև Սյունիքի Սոդք (Ծավդեք, Զոդ) գավառը, Տայքի Ոսկեհատ լեռան շրջանը: Հանդիպում են նաև քրոմ, մոլիբդեն և բազմաթիվ այլ հազվագյուտ մետաղներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: