Հանրագիտարան

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆ (Աստվածաբանական համալսարան)

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային, եկեղեցական, մշակութային կյանքն անհնար է պատկերացնել առանց Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեության: Երևանի մայր բուհի, ինչպես նաև Երևանի՝ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի հիմնադիրների մեծ մասը եղել են հենց այս ճեմարանի շրջանավարտները:

Գևորգյան հոգևոր ճեմարանը Հայաստանում մինչ այժմ գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է և միակ աստվածաբանական համալսարանը:

 

Վերջինիս նպատակն է Հայոց Եկեղեցուն և ազգին պարգևել հոգևոր, մասնագիտական բարձր կրթություն և գաղափարական դաստիարակություն ստացած նոր սերունդ և բազմակողմանի զարգացած հոգևորականություն:

 

Այս առաքելության իրականացման տեսիլքով է այն հիմնադրվել  շուրջ մեկուկես դար առաջ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի կողմից:

 

1874թ.-ի սեպտեմբերի 28-ին՝ սուրբ Գևորգ Զորավարի տոնին, տեղի ունեցավ Ճեմարանի բացման հանդիսավոր արարողությունը, և հենց սուրբ Գևորգի անունով էլ այն անվանվեց «Ժառանգավորաց հոգևոր ճեմարան Սուրբ Գևորգյան»: 

 

1875 թ. հունիսի 10-ի կոնդակով Վեհափառ Հայրապետը ճեմարանի առաջին տեսուչ է նշանակում նշանավոր հայագետ Գաբրիել եպիսկոպոս Այվազովսկուն (1875-1878, հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը):

 

Այստեղ են դասավանդել ժամանակի լավագույն մանկավարժներն ու մասնագետները, ինչպես օրինակ՝ Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Լեոն, Ստեփան Լիսիցյանը, Քրիստափոր Կարա-Մուրզան, Հովհաննես Հովհաննիսյանը, Հակոբ Մանանդյանը, Մաղաքիա արք. Օրմանյանը, Կարապետ ծ. վրդ. Տեր-Մկրտչյանը, Գարեգին եպս. Հովսեփյանը, Երվանդ Տեր-Մինասյանը և այլք:

 

Նշանավոր ճեմարանականներից շատերի անուններն այսօր ասոցացվում են հայության հետ, հաճախ դառնալով խորհրդանիշներ, ինչպես օրինակ՝ Կոմիտաս Վարդապետը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկողայոս Ադոնցը, Ակսել Բակունցը, Ավետիք Իսահակյանը և շատ ուրիշներ:

 

1917 թ. դեկտեմբերի 21-ին երջանկահիշատակ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոնդակով դադարեցվեց ճեմարանի ուսումնական գործունեությունը և շենքը տրամադրվեց Եղեռնից Հայաստան եկած մազապուրծ գաղթականներին և զինվորական հրամանատարությանը:

 

Հայության հոգևոր կյանքին վերազարթոնք տալու տեսլիքով շուրջ երեսուն տարի փակված ճեմարանը 1945թ. նորից բացեց իր դռները Մայր Աթոռ եկած երիտասարդ ճեմարանականների առջև:

 

Այսօր Ճեմարանի պաշտոոնական անվանումն է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան (աստվածաբանական համալսարան)»։

 

Մերօրյա Ճեմարանը նոր փուլ թևակոխեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենան Հայոց Կաթողիկոսի օրոք (1999թ.-), ում ջանքերով նաև բացվեցին Գևորգյան հոգևոր ճեմարանին առընթեր գործող Սևանի Վազգենյան դպրանցը, ինչպես նաև Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը (ավագ դպրոց):

 

2002թ. Հայաստանի կառավարության որոշմամբ Գևորգյան հոգևոր ճեմարանը ճանաչվեց որպես բարձրագույն ուսումնական հաստատություն, իսկ 2005 թ. ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը՝ նկատի առնելով ուսումնական ծրագրերի հարստացումն ու թարմացումը, ճեմարանին տվեց  բարձրագույն ուսումնական հաստատության արտոնագիր:

 

2006թ.-ին, ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը Գևորգյան հոգևոր Ճեմարանին շնորհեց բակալավրիատի, իսկ 2007թ.-ին՝ մագիստրատուրայի պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կրթություն իրականացնելու հավատարմագրեր:

 

Մագիստրական կրթությունը իրականացվում է 4 մասնագիտական ուղղություններով՝ աստվածաշնչագիտություն, դավանաբանություն, պատմանական աստվածաբանություն և գործնական աստվածաբանություն:

 

2016թ. հոկտեմբերինին Ճեմարանը ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կողմից իրավունք ստացավ նաև ասպիրանտական կրթություն իրականացնելու համար:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: