Հանրագիտարան

Գարեգին Սրվանձտյան

Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյան (նոյեմբերի 17, 1840թ. - նոյեմբերի 17, 1892թ.), հայ հոգևորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ։ Գարեգին Սրվանձտյանը համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ռահվիրան, որի մեջ ինքնօրինակ ձևով դրսևորվել են 1850-1860-ական թվականների հայ ազգային լուսավորիչներին և 1870-1880-ական թվականների լուսավորական դեմոկրատներին բնորոշ աշխարհայացքային գծերը։
Ծնվել է 1840 թվականին Վանում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագավանքի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ։ Եղել է «Արծվի Վասպուրական» թերթի խմբագրի տեղակալ, այս պարբերականում է լույս ընծայել հոդվածներ, որոնցում արծարծել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ։
 
1862 թվականին Մշո Սուրբ Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն-ուսուցիչ էր, 1863-1865 թվականներին «Արծվիկ Տարոնո» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիրն էր։ Խրիմյանի հետ 1860-1861 թվականներին շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները։
 
Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը, և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։ Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ։ Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։ 1867 թվականին Կարինում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել Վան որպես քարոզիչ։ 1867-1869 թվականներին ստանձնել է Կարինի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը։
 
1869 թվականին նշանակվել է Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ Վասպուրականում։ 1872 թվականին մասնակցում է Վանում կազմակերպված «Միություն և փրկություն» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը։
 
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո Կոստանդնուպոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»։ Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։
 
1879-1881 թվականներին եղել է Վանի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «Սև խաչ» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։ 1881 թվականին կառավարության հրամանով հեռացել է Վանից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարել Բաղեշում, ապա՝ Խարբերդում։
 
1886 թվականին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, նշանակվել է Տրապիզոնի, այնուհետ՝ Տարոնի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր։ Գարեգին Սրվանձտյանի քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը։
 
Որպես քաղաքականապես անբարեհույս անձ՝ Սրվանձտյանը, պաշտոնազրկվել է և ուղարկվել Կոստանդնուպոլիս, որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է Բերայի Սուրբ Երրորդության եկեղեցու քարոզիչ, Ղալաթիո կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը։ Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է Պետերբուրգի կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։
 
Գարեգին Սրվանձտյանը վախճանվել է 1892 թվականին Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությիւնից հետո։Սրվանձտյանը «Վարդ» գրական անունով թղթակցել է Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի և Թիֆլիսի մի շարք պարբերականների («Մասիս», «Արևելյան մամուլ», «Կռունկ Հայոց աշխարհին», «Մեշու Հայաստանի» և այլն)։ 1866 թվականին Կոստանդնուպոլսում հրատարակել է «Նոր ընթերցարան» դասագիրքը (վերահրատարակված է 1875 թ, 1884 թ)։
 
Սրվանձտյանը հայ գրականություն է մուտք գործել հայրենասիրական շնչով համակված «Ողբերգություն մեծին Սահկայ Պարթևի և անկումն Արտաշրի Արշակունվո» (գրված 1860-1870 թթ) և «Շուշան Շավարշանա» (1875 թ) թատերական երկերով։ Նրա «Գրոց ու բրոց»-ը (1874) ավանդությունների ու զրույցների ժողովածու է, որի հավելվածում տպագրված է «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։
 
Այս գրառումը հարազատությամբ և ամբողջականությամբ շուրջ 150 տպագիր ու անտիպ տարբերակների մեջ համարվում է լավագույններից մեկը։ «Հնոց և նորոց» 1874 ժողովածուն պարունակում է հիմնականում, գրավոր աղբյուրներ («Պատմություն վասն Դավթի և Մովսես Խորենացվո», «Թուղթ Դիոնիսիոսի» և այլն) և «Թեշե Պոլո» բանավոր զրույցը։ «Մանանա»-ն (1876) բաղկացած է «Հայրենյաց վեպք և զրույցք», «Երգք և նվագք հայրենյաց», «Հանելուկներ, առակներ, նորելուկներ» և այլ բաժիններից, ժողովածույում տրված է նաև Վանի թաղամասերի ու պատմական հուշարձանների նկարագիրը, ներառված են հեքիաթներ։
 
«Թորոս Աղբար»-ում (1879-1884 և ռուսական հրատարակություն 1887) շոշափված են երկրի արդյունաբերության, գյուղատնտեսության և հայերի արտագնացության ու գաղթականության հետ կապված հարցեր, իսկ «Համով-հոտով»-ում (1884) նկարագրված են Հայաստանի տեղավայրերը, պատմական հուշարձանները, կլիման, ներկայացված են Մովսես Խորենացին, Եղիշեն, Գրիգոր Նարեկացին և այլք։ Զետեղված են հեքիաթներ («Իմաստուն ջուլհակ», «Օձամանուկ և Արևահատ», «Դըժիկոն» և այլն), գեղջկական երգեր («Սիրտս նման էր...», «Լուսնակն անուշ», «Արտուտիկ», «Կոտ ու կես կորեկ» և այլն)։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: