Հանրագիտարան

Միգել դե Ունամունո

Միգել դե Ունամունոն (իսպ.՝ Miguel de Unamuno y Jugo; 1864թ. սեպտեմբերի 29, Բիլբաո - 1936թ. դեկտեմբերի 31, Սալամանկա) իսպանացի գրող էր, փիլիսոփա, հասարակական գործիչ։ Ազգությամբ՝ բասկ էր, կրթությամբ՝ բանասեր։ 1891թ.-ից եղել է Սալամանկայի համալսարանի պրոֆեսոր, 1901թ.-ից`   ռեկտոր։

1924թ.-ին բռնապետության դեմ ուղղված ելույթների համար աքսորվել է Կանարյան կղզիներ, որտեղից փախել է Ֆրանսիա (տարագիր՝ մինչև 1930թ.-ը)։ Հանրապետության տարիներին եղել է կորտեսների դեպուտատ, 1932թ.-ից՝ ակադեմիկոս։

 

Հանդես է եկել հանրապետության դեմ, համոզված լինելով, որ այն չի կարող ապահովել քաղաքացիական խաղաղություն և ազգային միասնություն, սակայն արդեն 1936թ.-ին դատապարտել է ֆաշիստական խռովությունը։ Ֆաշիստական բռնապետության հաստատումը խորացրել է Ունամունոյի հոգևոր ողբերգությունը, Սալամանկայի համալսարանի ռեկտորի պաշտոնից հեռացվելուց շատ չանցած նա վախճանվում է հոգևոր լիակատար մեկուսացման վիճակում։

 

Ունամունոն`   որպես հրապարակախոս, քննադատական դիրքորոշում է ունեցել իսպանական բուրժուա-կալվածատիրական հասարակարգի նկատմամբ։ Հետաքրքրվել է սոցիալիզմի գաղափարներով (Բակունին, Լասալ, Մարքս), հետագայում հեռացել է սոցիալիզմից և մշակել փիլիսոփայական ըմբռնում՝ նախանշելով պերսոնալիզմի ու էկզիստենցիալիզմի մի շարք դրույթներ։

 

Ունամունոյի փիլիսոփայության հիմնական պրոբլեմն անձնավորության հոգևոր կյանքն է։ Ունամունոն ներմուծում է «հոգեվարք» հասկացությունը՝ բանականության ու հավատի անհաշտելի դուալիզմի հարուցած կյանքի հատուկ ողբերգական ընկալումը («Կյանքի ողբերգական զգացումը...», 1913թ., « «Քրիստոնեության հոգեվարքը», 1924թ.)։ Ստեղծագործությունը, սերը, բարեկամությունը, մայրությունն ուրույն միջոցներ են, որոնցով մարդը հաղթահարում է գոյության վերջավորությունը («Դոն Կիխոտի և Սանչոյի կյանքը», 1905թ., «Աբել Սանչես», 1917թ. և այլն)։

 

«Աշխարհը պատերազմի ժամանակ» (1897թ.) առաջին վեպից հետո անցել է փորձարարական գեղարվեստական պատումի («Մառախուղ», 1914թ.)։ Այնուհետև վերադարձել է ռեալիզմին, սակայն «ներքին իրականությունը» հակադրել է «արտաքին իրականությանը»՝ ձգտելով արտացոլել սոսկ առաջինը («Խրատական նովելներ», 1920թ.)։

 

Ունամունոյի բանաստեղծական հարուստ ժառանգությունն աչքի է ընկնում հումանիստական ճոխ թեմատիկայով, դասական պարզությամբ, իսպանական ոտանավորի անթերի իմացությամբ, խոստովանանքի անկեղծությամբ («Երգարան»)։ Ունամունոյի գրական և փիլիսոփայական ստեղծագործության մեջ կարևորագույն տեղ է գրավում Իսպանիայի ժողովրդի ու մշակույթի ճակատագիրը։ Ունամունոն հսկայական ազդեցություն է գործել XX դ. իսպանական մշակույթի վրա։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: