Հանրագիտարան

Անկախության օր (Ուրուգվայ)

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ուրուգվայում նշվում է Անկախության օրը: 1810–1816թթ.-ին Ուրուգվայն անկախ պետություն էր, բայց 1816թ.-ին այն նվաճեցին պորտուգալացիները: 1821թ.-ին ներառվել է Բրազիլական կայսրության, 1825 թ.-ին`   Արգենտինայի կազմի մեջ, իսկ 1828թ.-ին հռչակել է իր անկախությունը, որը ճանաչել են Բրազիլիան և Արգենտինան:
1830թ.-ին ընդունվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սահմանադրությունը: 1973թ.-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման հետևանքով դադարեցվել է Սահմանադրության գործունեությունը, սակայն 1985թ.-ին վերականգնվել է կառավարման սահմանադրական կարգը:
 
Ուրուգվայը պետություն է Հարավային Ամերիկայում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: Կլիման մերձարևադարձային ծովային է: Գետային ցանցը խիտ է: Գլխավոր գետերն են Ուրուգվայը և Ռիո Նեգրոն: Ուրուգվայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են բնիկ հնդկացիական ցեղեր, որոնք գտնվել են նախնադարյան համայնական կարգերի տարբեր փուլերում:
 
Հարավային Ամերիկան նվաճելիս իսպանացիները թափանցել են ժամանակակից Ուրուգվայի տարածք և XVI դարի 2-րդ կեսին այստեղ հիմնել մի շարք ամրոցներ: Մինչև XIX դարի սկիզբն Ուրուգվայի տարածքը տիրելու համար պայքար էր մղվում իսպանացիների, պորտուգալացիների և անգլիացիների միջև:
 
XVIII դարի կեսին Իսպանիան հայտարարել է, որ Ուրուգվայն իր տիրույթն է: Համոզվելով, որ երկիրը հարուստ չէ օգտակար հանածոներով, իսպանացիներն սկսել են այնտեղ ներմուծել խոշոր եղջերավոր կենդանիներ և ձիեր, որի շնորհիվ անասնաբուծությունը դարձել է Ուրուգվայի տնտեսության հիմնական ճյուղը:
 
Ժամանակակից Ուրուգվայն ագրոարդյունաբերական երկիր է: Գյուղատնտեսության հիմնական ճյուղը մսաբրդատու անասնապահությունն է: Մսի և բրդի արտադրությամբ Ուրուգվայը գրավում է երկրորդ տեղը Լատինական Ամերիկայում՝ զիջելով միայն Արգենտինային: Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»:
 
1971թ.-ին Մոնտեվիդեոյի հրապարակներից մեկը, որտեղ ավելի ուշ կանգնեցվեց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձան-կոթող, կոչվել է «Արմենիա», իսկ 1972թ.-ին ծովեզրյա պողոտաներից մեկը՝ Ռամբլա–Արմենիս: «Արմենիա» անունը կրող հրապարակ կա նաև Պիրիապոլիս ծովափնյա քաղաքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: