Հանրագիտարան

Վարդավառ.Պայծառակերպություն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է, նաև Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:
Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթեոսը, Մարկոսը և Ղուկաս ավետարանիչները. «Եվ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ:
 
Պետրոսը պատասխան տվեց և ասաց Հիսուսին. «Տեր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»: Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրան լսեցեք»:
 
Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան և սաստիկ վախեցան: Եվ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի ելեք և մի վախեցեք: Նրանք աչքները բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան»:
 
Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո`   հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայ եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:
 
Պայմանավորված Տիրոջ և վարդի միջև անցկացվող համեմատությամբ՝ տոնը կոչվեց Վարդավառ: Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում նախքան բացվելը, այդպես էլ նախքան պայծառակերպվելը Տերը պահում էր Իր մեջ Աստվածության պայծառությունը: Եվ ինչպես վարդը, որը բացվում է`   հայտնապես երևալով բոլորին, այդպես էլ մեր Տերն, այսօր պայծառակերպվելով, հայտնում է Իր Աստվածությունը:
 
Նախնիներն այդ տոնը Վարդավառ անվանեցին, որովհետև վարդը, քանի դեռ կոկոն է, ոչ իր գեղեցկությունը և ոչ էլ իր անուշահոտությունն է հայտնում, իսկ ժամանակի լրանալուն պես փթթում է և իր գույնով ու բույրով ուրախացնում մարդկանց: Ահավասիկ այդպես էլ Քրիստոս կուսական արգանդում սնվեց ու զարգացավ կոկոնի նման և ապա ծնվելով՝ աստղերով ու հրեշտակներով հայտնվեց մոգերին ու հովիվներին, հասնելով կատարյալ հասակին՝ նշաններով ու սքանչելիքներով հայտնվեց մարդկանց:
 
Վարդավառը տոնվում է Հարությունից ու Համբարձումից հետո, քանի որ մեռյալները հարություն առան, մտան քաղաք և շատերին հանդիպեցին. ժողովուրդը հավատաց, որ Վարդապետը բերել է Եղիային և Մովսեսին ու հարություն տվել: Իսկ երբ տեսան կատարվածները`   երկրաշարժը, արեգակի խավարումը, Տիրոջ Հարությունը և Սուրբ Հոգու գալուստը, հավատացին, որ Տերը պայծառակերպվել է:
 
Աղբյուրը՝  Ter-hambardzum.net
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: