Հանրագիտարան

Ստեղծվել է առաջին «Տետրիս»-ը

Աշխարհում ամենատարածված խաղերից մեկը`   “Tetris”-ը, ստեղծել է ոչ այդքան հայտնի ծրագրավորող Ալեքսեյ Պաժիտնովը: Վերջինս ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնի աշխատակից էր և հետազոտում էր արհեստական ինտելեկտին, ինչպես նաև համակարգչային գրաֆիկային առնչվող խնդիրներ:
1984թ.-ին իր «Էլեկտրոնիկա-60» համակարգչի վրա նա գրում է “Tetris”-ի առաջին տարբերակը, իսկ 1985թ.-ի հուլիսի 18-ին ստեղծվում է “Tetris”-ի համար նախատեսված առաջին էլեկտրոնային սարքը: “Tetris”-ի նախահիմքը ամերիկացի մաթեմատիկոս Սոլոմոն Գոլոմբի մշակած “Pentomino Puzzle” գլուխկոտրուկն էր: Նորաստեղծ խաղը ճանաչում է ձեռք բերում Մոսկվայում, ապա արագորեն տարածվում աշխարհում:
 
Հունգարիա մուտք գորածած խաղն իր վրա է սևեռում բրիտանական ծրագրային ապահովման ընկերության ղեկավար Ռոբերտ Սթեյնի ուշադրությունը: Սթեյնը մեկնում է Ռուսաստան, հանդիպում Պաժիտնովի հետ, ձեռք բերում խաղի թողարկման արտոնագրին վերաբերող պայմանավորվածություն: Կարծելով, որ իրավունք ունի ազատ վաճառել “Tetris”-ի թողարկման իրավունքը, Սթեյնը վաճառում է “Tetris”-ի իրավունքները բրիտանական մեդիա մագնատ Ռոբերտ Մաքսվելին պատկանող ընկերությանը:
 
1989թ.-ին հանրահայտ ճապոնական “Nintendo” ընկերության ամերիկյան ներկայացուցչությունը փորձում է համոզել “Bullet-Proof Software” ընկերության նախագահ Հենք Ռոջերսին բանակցել Սթեյնի հետ`   “Tetris”-ը “Nintendo”-ի “Game Boy” ձեռքի խաղային համակարգիչներում տեղադրելու իրավունքը ձեռք բերելու:
 
Ռոջերսին, սակայն, չի հաջողվում կապ հաստատել Սթեյնի հետ: Նա մեկնում է Մոսկվա`   հանդիպելու խաղի ստեղծողի հետ: Ռոջերսը և «Էլեկտրոնօրգտեխնիկա» ընկերության (որն այդ ժամանակ զբաղվում էր ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի առևտրային գործերով) ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերում, ըստ որի`   Ռոջերսի ընկերությունն ստանում է “Tetris”-ը ձեռքի խաղային սարքավորումներում տեղադրելու իրավունքը: Շուտով այդ իրավունքը նրանից գնում է “Nintendo”-ն:
 
Արդյունքում, Ալեքսեյ Պաժիտնովն իր ստեղծած խաղի համար ստանում է ընդամենը համեստ նվերներ, ծառայողական միջին վարձատրություն, անձնական համակարգիչ և այլն: Եվ միայն 2007թ. և 2009թ. Պաժիտնովը գնահատվում է ըստ արժանվույն`   պարգևատրվելով պատվավոր մրցանակներով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: