Հանրագիտարան

Հռոմ (Իտալիա)

Երկիր՝ Իտալիա
Ենթարկում՝ քաղաք
Մարզ՝ Լացիո
Նահանգ՝ Հռոմ
Առաջին հիշատակում՝ մ.թ.ա. 753
Այլ անվանումներ՝ «Հավերժական քաղաք»
Մակերես՝ 1507 կմ²
Կլիմայի տեսակ՝ Միջերկրածովյան
Խոսվող լեզուներ՝ իտալերեն
Բնակչություն՝ 2 761 477 մարդ (2011թ.ի տվ.)
Խտություն՝ 2197 մարդ/կմ²
Ազգային կազմ՝ իտալացիներ
Կրոնական կազմ՝ կաթոլիկություն
Տեղաբնականուն՝ հռոմեացի
Ժամային գոտի՝ UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ՝ 06
Փոստային ինդեքսներ՝ 00100; 00121-00199
Պաշտոնական կայք www.comune.roma.it
Սուրբ հովանավորներ՝ Պետրոս առաքյալ, Պողոս առաքյալ
Քաղաքի օրը՝ հունիսի 29

Հռոմը Իտալիայի մայրաքաղաքն է, Լացիո մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Տիբեր գետի ափին, ունի միջազգային օդանավակայաններ (Լեոնարդո դա Վինչի դի Ֆյումինչո և Չամպինո)։ Հռոմի սահմաններում է գտնվում Վատիկան քաղաք-պետությունը։

Հռոմը աշխարհի հնագույն քաղաքներից է, որն ստացել է «հավերժական քաղաք» անունը։ Այն իր անվանումն ստացել է քաղաքի առասպելական հիմնադիրներից մեկի՝ Հռոմուլոսի անունից։ Ըստ ավանդության, Հռոմը հիմնադրվել է մ.թ.ա. 753-ին։ Հռոմուլոսի և նրա երկվորյակ եղբայր Հռեմոսի ծնողները եղել են լատինների Ալբա Լոնգա քաղաքի թագավոր Նումիտորի դուստր, Վեստա աստվածուհու քրմուհի Հռեա Սիլվիան և Մարս աստվածը։ Ալբա Լոնգայի գահը գավթած Ամուլիոսը գահի օրինական ժառանգորդ երկվորյակներին հրամայել է գցել Տիբեր գետը։ Երկվորյակները փրկվել են, սնվել գայլի կաթով և կրթվել հովվի մոտ։ Չափահաս դառնալով՝ պատժել են Ամուլիոսին, ապա որոշել քաղաք հիմնել իրենց փրկված տեղում։ Քաղաքի անուն տալու վեճի ժամանակ Հռեմոսը սպանվել է և քաղաքը Հռոմուլոսի (լատիներեն՝ Romulus) անունով կոչվել է Հռոմ (լատիներեն՝ Roma)։

Հռոմը եղել է հռոմեական անտիկ պետության մայրաքաղաքը, VI-VIII դդ. գտնվել է Բյուզանդիայի տիրապետության տակ։ 756 - 1870թ.ը կարճ ընդմիջումներով եղել է Պապական մարզի մայրաքաղաքը։ Ռիսորջիմենտոյի (իտալերեն բառացի՝ «վերածնունդ») շնորհիվ 1870-ին վերամիավորվեց Իտալիայի հետ, 1871-ից դարձավ միավորված Իտալական թագավորություն, իսկ 1946-ից՝ Իտալական հանրապետության մայրաքաղաք։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: