Հանրագիտարան

Քաբուլ (Աֆղանստան)

Երկիր՝ Աֆղանստան
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Բարձր. ծովի մակ-ից՝ 1,790 մ
Բնակչություն՝ 2,994,000 մարդ (2005թ.ի տվ.)
Ժամային գոտի՝ UTC+4:30
Հեռախոսային կոդ՝ +93 20

Քաբուլը  Աֆղանստանի մայրաքաղաքն է։ Երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և Քաբուլ նահանգի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Քաբուլ գետի հովտում, 1820 մ բարձրության վրա։ Կլիման մերձարևադարձային ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը 1°C է, հուլիսինը՝ 26°C։ Տարեկան տեղումները 317 մմ են։ Առաջին հիշատակությունը (Քաբուր, Քարուր) հանդիպում է Կլավդիոս Պտղոմեոսի (II դ․) մոտ։ Գտնվել է Քուշանական թագավորության, այնուհետև հեփթաղների ցեղային միավորման կազմում։ Այդ միավորման տրոհումից (VI դ․) հետո Քաբուլը կառավարել են տեղական կառավարիչները՝ Քաբուլշահերը։ Արաբական նվաճումների ժամանակաշրջանում Քաբուլը անվանապես ենթարկվել է Մուավիա I (661 - 680) խալիֆային։ IX դ․ Քաբուլը նվաճել են Սաֆարյանները, այնուհետև՝ Սամանյանները, Ղազնևիները, Թեմուրյանները։ XIII դ․ ավերել է Չինգիզ խանը։ Բարուրի օրոք (որը Քաբուլը նվաճել էր 1504-ին) Քաբուլը դարձել է Մեծ Մոնղոլների պետության մայրաքաղաք։ 1738-ին նվաճել է Քաբուլը Նադիր շահը։ 1747-ից Դուռանիների պետության կազմում էր, 1773-ից՝ մայրաքաղաքը։

Այդ պետության անկումից (1818) հետո Քաբուլը դարձել է կենտրոն, որի շուրջ հետագայում ձևավորվել է աֆղանական պետությունը։ 1839-ին, անգլո-աֆղանական 1-ին պատերազմի (1838 - 42) ժամանակ, Քաբուլը զավթել են անգլիական զորքերը։ 1841-ին բռնկվել է հակաանգլիական զանգվածային ապստամբություն․ անգլիական զորքերը հարկադրված էին 1842-ին հեռանալ քաղաքից։ 1878 - 80-ի անգլո-աֆղանական 2-րդ պատերազմի ժամանակ զավթել են անգլիական զորքերը։ Պատերազմից հետո ամիրա Աբդուռահմանը Քաբուլը դարձրել է աֆղանական պետության մայրաքաղաքը։ 1919-ի փետրվարին ամիրա Ամանուլլա խանը Քաբուլում հռչակեց Աֆղանստանի անկախությունը։ 1973-ի հուլիսից Աֆղանստանի Հանրապետության, 1978-ի ապրիլից Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքն է։ Քաբուլում են գտնվում երկրի գլխավոր բանկերը, առևտրաարտադրական, բաժնետիրական ընկերությունների վարչությունները։ Ունի համալսարան, պոլիտեխնիկական ինստիտուտ, Աֆղանստանի պատմաբանասիրական ակադեմիա, Ազգային գիտությունների ակադեմիա, Պատմաազգագրական թանգարան, հանրային գրադարան, 4 դրամատիկական թատրոն։ 1965-ին (ճարտարապետ՝ Սերաջ) քաղաքի հին մասը նշանակալի չափով վերակառուցվել է։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: