Հանրագիտարան

Տալլին (Էստոնիա)

Տալլինը Էստոնիայի մայրաքաղաքն է, խոշոր ուղևորատար և բեռնատար նավահանգիստ։
Գտնվում է Ֆիննական ծոցում, ավելի երիտասարդ Հելսինկիի հակառակ ափին։ Բնակչությունը շուրջ 400 հզ․ է՝ մոտավորապես երկրի բնակչության մեկ երրորդը։ Մինչև 1918թ․ կոչվել է Ռևալ։
 
Առաջին անգամ հիշատակվում է արաբական աղբյուրներում 1154 թ․՝ Ռևալա անունով։ Միջին դարերում գտնվել է դանիական և գերմանական տիրապետությունների ներքո։ 1918 թ․ փետրվարի 24֊ից եղել է նորանկախ Էստոնիայի հանրապետության, 1940 թվականից՝ Էստոնիայի ԽՍՀ֊ի մայրաքաղաք։ 1941 թվականին քաղաքը գրավել են գերմանացիները, որի ընթացքում շատ ազգայնական էստոնացիներ համագործակցել են նացիստների հետ։ 1944 թ․ խորհրդային կարգերի վերականգումից հետո, ճնշվել ու վտարվել է քաղաքի բնակչության զգալի մասը, փոխարենը վերաբնակեցվել են ռուսներ։ ԽՍՀՄ փլուզման ժամանակ ռուսները կազմում էին բնակչության գրեթե կեսը։ Ներկայում, նրանք բնակչության մեկ երրորդն են։
 
Իր ճոխ տաճարներով, դղյակներով ու գեղեցիկ փողոցներով, որոնք դեռևս միջնադարյան անուններ են կրում, Տալլին քաղաքն ավելին է, քան ուղղակի Էստոնիայի մայրաքաղաքը: 2011թ.-ին այն ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք և, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-յի, այն համարվում է բացառիկ լավ պահպանված միջնադարյան առևտրային քաղաք: 13-16-րդ դարերի ընթացքում Բալթիկ ծովի ափամերձ տարածքում գտնվող այս քաղաքը եղել է առևտրային կարևոր կենտրոն: Այցելելով քաղաքի հին թաղամաս`   կարող եք զգալ այս քաղաքի պատմության ամբողջ շունչը: Քաղաքի Թաուն Հոլլ հրապարակում կարող եք նստել գունագեղ տներով շրջապատված սրճարաններից մեկում ու վայելել քաղաքի գեղեցիկ տեսարանները, կամ էլ քայլել «Քեթրինս Փեսիջ» (Քեթրինի անցուղի) փոքրիկ միջնադարյան փողոցով, որը ձեզ ամբողջությամբ անցյալ կտեղափոխի: Չայցելել Ռաեպտիկ, որը քաղաքի կենտրոնն է, ուղղակի հնարավոր չէ: Այստեղ կարող եք գտնել Եվրոպայի ամենահին դեղատունը:
 
Պետք է նշել, որ Տալլինն առավել գեղեցիկ է Սուրբ ծննդյան օրերին: Այս օրերին կարող եք այցելել ապշեցուցիչ գեղեցկություն ունեցող Սուրբ Ծննդյան աքսեսուարների ու նվերների հնաոճ խանութ, դուրս գալ բացօթյա չմշկասահքի, տեսնել 1441թ.-ից ավանդույթի համաձայն տեղադրվող հսկայական լուսավոր ծառն ու վայելել Սուրբ Ծննդյան տոները:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: