Հանրագիտարան

Պիետա (Միքելանջելո)

Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում գտնվող «Պիետա» քանդակային կոմպոզիցիան մեծանուն իտալացու`   Միքելանջելո Բուոնարրոտիի առավել հայտնի ստեղծագործություններից մեկն է:
«Քրիստոսի ողբը»-ը քանդակը քսանչորսամյա Միքելանջելոյի առաջին աշխատանքն է, որը նա կերտել է մարմարից Ֆրանսիայի կարդինալ Ժան Բիլեր դե Լագրոլի համար: 1496 թվականին, երբ երիտասարդ սկսնակ  քանդակագործը 21 տարեկան էր, գնաց Հռոմ, որտեղ շատ արագ ձեռք  բերեց ազդեցիկ հովանավոր`   ի դեմս մի մեծահարուստ բանկիրի և հնությունների կոլեկցիոներ Յակոպո Գալլիի: Հենց նա օգնեց Միքելանջելոյին պայմանագիր կնքել կարդինալի հետ`   ստեղծելու Պիետայի տապանաքարը: Ըստ պայմանագրի`   քանդակը պիտի պատրաստ լիներ պայմանագրի ստորագրման օրվանից սկսած մի տարվա ընթացքում: Սակայն աշխատանքն ավելի երկար տևեց, քան սպասվում էր: Միքելանջելոն աշխատեց «Պիետա»-ի վրա մոտ երկու տարի:
 
Արձանախումբն իտալացի վարպետի առավել ամբողջական և ներդաշնակ ստեղծագործություններից մեկն է: Սովորաբար նման քանդակներում պատկերվում են մի քանի կերպարներ, իսկ Միքելանջելոյի աշխատանքում միայն երկուսն են ներկայացված`   Մարիամ Աստվածածինը, ով սգում է՝ մահացած Քրիստոսի մարմինն իր գրկում: Այս հոյակերտ արձանախմբի նման հիանալի կատարումը միանգամայն պարզ դարձրեց այն փաստը, որ պատանի վարպետն իր տաղանդով գերազանցում է իր բոլոր ժամանակակիցներին և նույնիսկ մրցակցում հին ժամանակների մեծ քանդակագործների հետ:
 
Հետաքրքիր է, որ «Պիետա»-ն Միքելանջելոյի միակ ստորագրված աշխատանքն է, որը տեղադրվել է Սուրբ Պետրոսի Մարիամ Աստվածածնի մատուռում։ Վարպետը հաճախ էր այցելում տաճար`   հիանալու իր ստեղծածով: Մի անգամ էլ պատահաբար լսում է երկու այցելուի խոսակցությունն այն մասին, որ Միլանի վարպետ Գոբբոն է քանդակի հեղինակը, ուստի Միքելանջելոն որոշում է ստորագրել իր աշխատանքը`   փորագրելով «Միքելանջելո Բուոնարրոտի ֆլորենտինացին է կերտել»: Իտալացի մեծ վարպետ Միքելանջելո Բուոնարրոտիի գերազանց աշխատանքը մինչ օրս էլ զարդարում է Սուրբ Պետրոս տաճարը`   հրճվանք ու հիացմունք պարգեւելով Վատիկանի բոլոր հյուրերին:
 
Աղբյուր`   arttravelblog.ru
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: