Հանրագիտարան

Մտածողը (Ռոդեն)

«Մտածողը» ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի 1880-ից 1882 թվականներին ստեղծած քանդակն է։ Քանդակի բնօրինակը պահպանվում է Փարիզում`   Ռոդենի թանգարանում։
Նախապես քանդակն անվանվում էր «Պոետը» և պիտի դառնար «Աստվածային կատակերգության» մոտիվներով ստեղծված «Դժոխքի դարպասները» քանդակի մի մասը`   ներկայացնելով Դանթե Ալիգիերիին։ Ժամանակի ընթացքում Դանթեի կերպարը փոխարինվում է ստեղծողի ունիվերսալ կերպարով։
 
«Մտածողը» քանդակի (ինչպես և Ռոդենի շատ այլ քանդակների) բնորդը եղել է Ժան Բո (ֆր.՝ Jean Baud) անունով մի ֆրանսիացի`   մկանուտ մի բռնցքամարտիկ, ով ելույթ էր ունենում հիմնականում Փարիզում`   Կարմիր լապտերների թաղամասում։
 
«Մտածողը» քանդակն առաջին անգամ հասարակությանը ցուցադրվել է 1888 թ. Կոպենհագենում։ 1902 թ. բրոնզից ձուլվում է 181 սմ բարձրությամբ քանդակ, որ 1904 թ. Ռոդենը ցուցադրում է փարիզյան սալոնում։ 1906 թ. բրոնզե «Մտածողը» տեղադրվում է Փարիզի պանթեոնում։ Բացման արարողությանը ներկա Ռոդենը հայտարարել է, որ «Մտածողը» հուշարձան է ֆրանսիացի աշխատավորին։ 1922 թ. արձանը տեղափոխեցին Ռոդենի թանգարան։
 
Գոյություն ունեն «Մտածողը» քանդակի բրոնզե ու գիպսե ավելի քան 20 կրկնօրինակներ, գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում։ Քանդակի բրոնզե կրկնօրինակը տեղադրված է Ռոդենի գերեզմանին, որ գտնվում է Մեդենում`   Փարիզի արվարձանում։ Մյուս կրկնօրինակները տեղադրված են Ֆինլանդիայում`   Ռոդենի թանգարանի դարպասների մոտ ու Կոլումբիական համալսարանի դարպասների մոտ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: