Հանրագիտարան

Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

301 թվականի հունիսի 21-ը Սբ. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը եղավ հայոց մեծ դարձի սկիզբը: Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերը նահատակվում են:
Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Սբ. Գրիգորը:
 
Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: Սբ. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան`   դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը:
 
Հայոց հողում կործանվում են հեթանոսական տաճարները, որոնց տեղերում բարձրացվում են Տերունական խաչեր: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ եկեղեցու առաջին հովվապետ:
 
Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ Առաքելական եկեղեցու մեծ տոներից է, որ հիշատակվում է Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը: 
 
Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
 
Աղբյուրը՝ www.qahana.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: