Հանրագիտարան

Թունելներ

Թունելներն ամենատարբեր նպատակներով օգտագործվող ստորգետնյա ուղիներ են: Փողոցների և շենքերի տակ գտնվող թունելներով անցնում են ավտոճանապարհներ և մետրոյի գծեր:
Գետերի տակ կամ լեռների մեջ փորված թունելներով անցնում են երկաթուղիներ. Լա Մանշ նեղուցի տակ մեծ խորությամբ փորված ժամանակակից թունելն Անգլիան միացնում է մայրցամաքային Եվրոպային:
Խոշոր քաղաքներում բնակիչները բանուկ փողոցներն անցնում են ստորգետնյա անցումներով: Քաղաքներում թունելներով են կատարվում ջրամատակարարումը և կեղտաջրերի հեռացումը: Նեղ թունելների մեջ տեղադրում են հեռախոսային և այլ տիպի մալուխներ: Ստորերկրյա հանքահորերը կազմված են ածխի և հանքապարի խորքերում փորված ամենախոր թունելներն են:
 
Երկրի մակերևույթին անմիջականորեն մոտ գտնվող թունելները կարելի է կառուցել բաց եղանակով: Դրա համար անհրաժեշտ է փորել խոր ու երկար խրամուղիներ և դրանք ամրացնել հատուկ ծածկերով:
 
Սակայն թունելների մեծ մասն անցկացնում են խորությունների վրա: Այդպիսի թունելների շինարարությունը կատարվում է ներհատիչ մեքենաներով: Հանքապարները փխրեցնելու նպատակով երբեմն կիրառում են նաև ուղղորդված պայթյուններ: Տրանսպորտային թունելը հաճախ կառուցում են անցահատիչ վահանակի օգնությամբ: Հզոր շարժիչն այդ մեքենան առաջ է մղում, իսկ նրա կտրող անվաթիերը փորում, դուրս են թափում հանքաքարը: 
 
ՀՀ-ում առավել նշանավոր են Սևանա լճի մակարդակի բարձրացման համար կառուցված Արփա-Սևան ջրատար թունելը՝ 48,3 կմ երկարությամբ և Որոտան-Արփա թունելը՝ 21,6կմ երկարությամբ:
 
1944թ.ին ԱՄՆ-ում կառուցվել է աշխարհի ամենաերկար՝ 168 կմ երկարությամբ ջրատար թունելը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: